Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 հուն 2021 11:04

Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ

Պատերազմից յոթ ամիս անց Բաքուն, վերջապես, համաձայնել է արտոնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության դիտորդների այցը Ղարաբաղ։ Առաքելությունը կոչված է վերահսկել պատմական և մշակութային ժառանգության հուշարձանների վիճակը։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան երեկ հայտարարեց, որ հունիսի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության միջև կայացած տեսակոնֆերանսի ընթացքում պաշտոնական Բաքուն «պատրաստակամություն է հայտնել ընդունել առաքելությունը և կազմակերպությանը կոչ է արել արագացնել այդ գործընթացը»:

«Մենք առաջարկն արել ենք, պատասխանի ենք սպասում»,-եզրափակել է Աբդուլաևան։

Մինչդեռ իրականում պատասխանի սպասում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը, ընդ որում՝ սպասում էր արդեն կես տարի։ Դեռևս նոյեմբերի վերջերին կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Իլհամ Ալիևին կոչ էր արել միջազգային դիտորդական առաքելության անդամներին թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից գրավված շրջաններ, վերահսկելու պատմական հուշարձանների պահպանման պարտավորությունների կատարումը: Անկախ փորձագետները պետք է հնարավորություն ունենային ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ամենանշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում անցկացնել։
Բաքվի ղեկավարությունը բանավոր ողջունում էր նախաձեռնությունը, սակայն գործնականում ամեն կերպ խոչընդոտում էր դրա իրականացմանը: Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դիտորդների այցին խանգարում է միայն Ադրբեջանի կառավարության թույլտվության բացակայությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ կազմակերպության մշակույթի հարցերով փոխտնօրեն Էռնեստո Օտտոնեն, որը Ալիևի վարչակազմին գրեթե ուղիղ տեքստով մեղադրեց հարցի լուծմանն ապակառուցողական մոտեցում ցուցաբերելու համար։ Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, թե հնչած գնահատականները «չեն համապատասխանում Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ոգուն»: Մշակույթի նախարար Անար Քերիմովը միջազգային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցչին կողմնակալության մեջ մեղադրեց։

Իսկ հունվարի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա հարձակումներով հանդես եկավ անձամբ նախագահ Ալիևը։ Նա հայտարարեց, որ «Ադրբեջանը կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը, եթե կազմակերպությունը հանդես գա իր միջազգային կարգավիճակին հակասող հայտարարություններով»։ Բաքվի իշխանամետ մամուլը բացեիբաց «հարձակումներ» սկսեց Ազուլեի և Օտտոնեի վրա։ «Ազուլեն, պահանջելով հատուկ առաքելության մանդատ տրամադրել հայկական հուշարձանների պահպանության ստուգման համար, սկսել է Ադրբեջանի կառավարության հետ շանտաժի և վերջնագրերի լեզվով խոսել»,-գրում էր պարբերականներից մեկը։ Բաքվում «բացահայտեցին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմնակալ վերաբերմունքը հայերի հանդեպ, որոնք, իբր, կարողացել են «հավաքագրել» նրան։
Այս կապակցությամբ ակամա հիշում ես, թե ինչ հսկայական ջանքեր էր գործադրում պաշտոնական Բաքուն 2017թ․-ին, որպեսզի Ադրբեջանի նախկին մշակույթի նախարար Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ Հիմա արդեն պարզ է, թե ինչի համար էր Բաքվի իշխանավորներին հարկավոր ամեն գնով վերահսկել ՄԱԿ-ի կառուցվածքը, որը պատասխանատու է մշակույթի և պատմական ժառանգության պահպանման համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանում դիտորդական առաքելության անդամներին ընդունելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը: Բայց առաջիկա ուղևորության վերաբերյալ որոշակի հստակություն արդեն կա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը հայտնել է, որ այցը Ղարաբաղ նախատեսված է ամռան վերջին: Նրա տվյալներով առաքելության անդամները կայցելեն Շուշի, Ակնա (Աղդամ) և Վարանդա (Ֆիզուլի): Ծրագրում, չգիտես ինչու, բացակայում է Հադրութը, ինչը չի կարող զարմանք չառաջացնել։

Ըստ երեւույթին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելությունը չի սահմանափակվի միայն մեկ տեսչական այցով: Չի բացառվում, որ մի քանի շաբաթ անց միջազգային փորձագետները կծանոթանան Արցախի՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հուշարձանների վիճակին։ Ստեփանակերտի իշխանություններն ամենևին դեմ չեն և հավաստիացնում են, որ պատրաստ են ապահովել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ուրեմն ինչո՞ւ ծանր բանակցությունների սկզբից կես տարի անց Ալիևի վարչակազմն այնուամենայնիվ համաձայնեց թույլատրել դիտորդների մուտքը իր կողմից վերահսկվող տարածքներ։ Առաջին պատճառն, անկասկած, կապված է Բաքվի վրա հզորագույն միջազգային ճնշման հետ։ Վերջերս անգամ Ֆրանսիայի նախագահն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Ղարաբաղ թողնելու համոզիչ կոչ արել․ այդ մասին Էմանուել Մակրոնը գրել էր Ալիևին ուղղված նամակում։
Միջազգային փորձագետների այցի կազմակերպումն արագացնելու անհրաժեշտության մասին հայտարարել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը խոստացել էր իր կողմից աջակցել առաքելության հաջող աշխատանքի համար պայմանների ստեղծմանը (նկատի ունենալով, հավանաբար,  առաքելության անդամների անվտանգության ապահովման միջոցները):

Մոտ երկու տասնյակ նշանավոր մշակութային գործիչներ վերջերս բաց նամակով դիմեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով նպաստել Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության հուշարձանների փրկմանը: Ստորագրողների թվում են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, դերասանուհի Սվետլանա Նեմոլյաևան, գրող Զախար Պրիլեպինը․..

Երկրորդ պատճառը, որն Ալիևի վարչակազմին ստիպեց զիջել, այն է, որ ադրբեջանցի դիվանագետների համար ավելի ու ավելի դժվար էր դառնում պատճառաբանություններ հորինել, որոնք թույլ կտային հետաձգել այցի կազմակերպումը։ Մինչև վերջերս Բաքվի գլխավոր փաստարկը «անբարենպաստ եղանակային պայմաններն» էին։ Մինչև գարնան վերջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին հավատացնում էին, որ Ղարաբաղի լեռներում դեռ ձյուն է նստած։ Իսկ հիմա Արցախի լեռներում արդեն +35 աստիճան է։
Եվ վերջապես, ըստ ամենայնի, երրորդ պատճառը․ Բաքվում արդեն հասցրել են ավարտել այն բոլոր միջոցառումները, որոնց ոչ մի դեպքում չպետք է ականատես դառնային միջազգային դիտորդները։ Պատմական ամենանշանակալի հուշարձանների մի ամբողջ շարք արդեն ձևափոխվել է այնպես, որպեսզի նկատելի չլինեն հայկական ժառանգությանը դրանց պատկանելիության հետքերը։ Մասնակիորեն քանդվել է Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքը, ապամոնտաժվել և բոլորովին այլ ճարտարապետական ոճով վերակառուցվել է Ղազանչեցոց վանքի գմբեթը։

Ջնջվել են 19-րդ դարում բարերար Թադևոս Թամիրյանցի պատվին կառուցված պատմական աղբյուր-հուշահամալիրի հայերեն գրությունները։ Իլհամ Ալիևն անձամբ է խոստացել «վերականգնել» Հադրութի Ծակուռի գյուղի իբրև թե «հայկականացված» Սուրբ Աստվածածին եկեղեցու «նախնական տեսքը»:

Դադիվանքը Ադրբեջանի իշխանություններն արդեն հայտարարել են ուդիական, Գանձասարը՝ ալբանական, Կանաչ ժամը՝ ռուսական։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հող են նախապատրաստում հայկական հուշարձանների ոչնչացման կամ յուրացման հետագա ծրագրերի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության նախագահ Էլբայ Գասիմզադեն հայտարարել է. «Հայերը մոլորության մեջ են, երբ ասում են, թե վախենում են իրենց հուշարձանների համար։ Ադրբեջանում հայկական հուշարձաններ չկան։ Դրանք կովկասյան Ալբանիայի հուշարձաններն են։ Դրանք մերն են, և մենք մեր հուշարձանները կպահպանենք»։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրենց կողմից պատրաստ են անել հնարավոր ամեն ինչ՝ դիտորդական առաքելության հաջողության համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը փորձագետներին կտրամադրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կազմակերպության քարտուղարությունն արդեն տիրապետում է պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական հուշարձաններին վերաբերող նյութերին։

Ընդհանուր առմամբ այդպիսի գրեթե 2000 հուշարձան կա։ Դրանց թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 4 մատուռ, 52 ամրոց, 523 խաչքար, 10 թանգարան։

Դրանցից մի քանիսն արդեն փաստացի ոչնչացված են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հնարավորություն ունի փրկել մնացածը։ Եթե կարողանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր