Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

30 հուն 2021 11:57

Ինչո՞վ էր պայմանավորված ընտրությունների շրջանում ադրբեջանական կողմի լռությունը,Երեւանն ինչ-որ բա՞ն է խոստացել այդ լռության դիմաց

Գյումրիից հետո երկրորդ բազան նախատեսվում է հիմնադրել Սյունիքում, որտեղ պատերազմից հետո արդեն բազայի 2 հենակետ տեղադրվել էր: Ինչպես տեղեկացրել ենք՝ հունիսի 26-ից մինչ հուլիսի 1-ը Մոսկվա է գործուղղվել հայկական 14 հոգանոց պատվիրակություն, որի խնդիրը ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցությունն է:
Ի՞նչ է տալու Սյունիքին այս ռազմաբազան, այն պարագայում, երբ ռուսական հենակետերի առայության պայմաններում հայկական տարածքներ ներխուժեցին ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, շարունակում են գտնվել այնտեղ:
«Հայկական ժամանակ»-ի հարցերին է պատասխանել քաղաքագետ, Միջազգային անվտանգության եւ համագործակցության հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը.
- Պարոն Սաֆարյան, այս օրերին Մոսկվայում քննարկվում է ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցը: Ի՞նչ կտա մեզ դա, երբ գործող ռազմաբազան եւս ոչ մի կերպ չարձագանքեց Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածքներ ադրբեջանցի զինվորների ներխուժմանը: Ի վերջո սա անհրաժեշտությո՞ւն է մեզ համար, թե՞ «պարտադրված» քայլ:
- Ինձ համար հասկանալի չէ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազան, որն ուներ Հայաստանի բոլոր սահմանները պաշտպանելու պարտավորություն, ի՞նչ է արել մինչ այժմ, առավելեւս վերջին ադրբեջանական ներխուժումից հետո: Որովհետեւ եթե չեմ սխալվում՝ 2013-ին ստորագրված պայմանագրերի հիման վրա ոչ միայն երկարաձգվել է ռազմաբազայի ՀՀ-ում գործունեության ժամկետը, այլ նաեւ ընդլայնվել են իրավասությունները՝ տարածվելով Հայաստանի բոլոր սահմաների վրա: Այսինքն Գյումրիի ռազմաբազան պիտի ունակ լիներ ՀՀ Զինված ուժերի հետ միասին պաշտպանել Հայաստանի սահմանները եւ կապ չունի՝ այն ունի՞ տեղակայման այլ վայրեր, թե ոչ: Ուստի ինձ համար հետաքրքիր է՝ եթե Հայաստանը նման որոշում է ընդունել եւ նման քննարկումներ է տանում Ռուսաստանի հետ՝ ի վերջո ի՞նչ նշանակություն ունի քանի ռազմաբազա կա Հայաստանում, եթե խոշոր առումով այդ ռազմաբազան Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը չի կարողանում ՀՀ Զինված ուժերի հետ միասին պաշտպանել եւ Հայաստանից դուրս հանել սահմանախախտ խմբերին:
- Այսինքն՝ ընդունելի չէ՞ ձեզ համար այդ ընդլայնումը: - Եթե Կառավարությունը հիմնավորի, որ սահմանների լարվածության պատճառն այն է, որ Սյունիքում ռազմաբազա չկա, ես միգուցե փորձեմ հասկանալ, բայց քանի դեռ այդ հարցերի պատասխանը չկա եւ հստակ չէ՝ ինչու ռուսական ռազմաբազան իր դերակատարությունը չի կատարում Հայաստանի սահմանների համար եւ ինչու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ունակ չեն ապահովելու այն պատրավորությունների կատարումը, ինչի մասին Վլադիմիր Պուտինը խոսում էր պատերազմից հետո, այն տպավորությունն է, որ դրանք ավելի շատ Ռուսաստանի շահերից բխող քայլեր են, քան Հայաստանի:
- Ճի՞շտ է տեղի ունեցողը մեկնաբանել որպես ինքնիշխանության զիջում:
- Եթե դա նույնիսկ ինքնիշխանության զիջում է, ապա նոր բան չէ: Այս ռազմաբազայի նորմատիվ բազան շատ ավելի վաղուցվանից է պատրաստ, իսկ այն, ինչ արվում է հիմա, տեխնիկական խնդիրների լուծում է: Հաշվի առնելով, թե որքան կարեւոր հանգույց է դառնում Սյունիքը Արցախի հետ կապի, Իրանի հետ կապի եւ այլ առումներով, նկատելի է, որ Ռուսաստանը իր խնդիրն է լուծում՝ էականորեն փորձելով նվազեցնել Հայաստանի ինքնիշխանությունը, որպեսզի բոլոր տեսակի հաղորդակցությունները անցնեն իր ձեռքի տակով:
- Պարոն Սաֆարյան, վաղը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու իր թուրք պաշտոնակից Չավուշօղլուին: Քննարկելու են նաեւ Հարավային Կովկասում իրավիճակը: Եթե հիշում եք՝ անցած շաբաթ էլ Պուտինը Էրդողանին էր զանգել՝ Փաշինյանի ու Ալիեւի հետ հեռախոսազրույցից հետո: Ի՞նչ է տեղի ունենում տարածաշրջանում:
- Ռուսաստանի ցանկությունն է, որ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված եռակողմ երկու պրոցեսները ամրապնդվեն, անշրջելի դառնան: Ինչպես Ալիեւի հետ հեռախոսազրույցում էր ասել Պուտինը՝ ապաշրջափակման հարցերը լուծվեն: Ակնհայտ է, որ Ռուսաստանը հակահայ Ադրբեջանին հրավիրում է իր ուղեծիր եւ ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է դա թույլ չտալ՝ ռազմավարական հարաբերությունները Ադրբեջանի հետ խորացնելու ճանապարհով, որը ազդարարվեց Շուշիում, հենց այս օրերին ընթացող համատեղ զորավարժությունների ճանապարհով, Ադրբեջանում ռազմական բազա տեղակայելու դիսկուրսով եւ այլն: Ես կարծում եմ՝ Ռուսաստանը փորձում է մի կողմից դեպի իրեն հրապուրել Ադրբեջանին, մյուս կողմից՝ զսպել Թուրքիային, եւ ճիշտ հակառակը, Թուրքիան էլ փորձում է ետ պահել Ադրբեջանին ռուսական ուղեծիր մտնելուց: Թե ինչ կստացվի՝ այս պահին դժվար է ասել, բոլոր դեպքերում պարզ ժամանակներ չեն, անորոշությունները մեծ են, զարգացումները որոշակի ռիսկեր հայկական կողմի համար պարունակում են, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը այդ ամենի դիմաց վճարում է ոչ թե անձամբ, այլ Հայաստանի միջոցով:
- Ի դեպ, Լավրովն այսօր խոսել է փախստականների Արցախ վերադարձի մասին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա: Ի՞նչ վտանգներ է պարունակում սա:
- Իհարկե Արցախի շրջանները հանձելուց հետո ակնհայտ էր, որ բացելու են այդ թեման: Բայց դրանք այդքան հեշտ լուծելի խնդիրներ չեն՝ մանավանդ խաղաղության հարցը վերջնական լուծված չէ եւ Ադրբեջանը փորձում է հասնել Խաղաղության պայմանագրի ստորագրման, որպեսզի Հայաստանը մեկընդմիշտ հրաժարվի Արցախից: Այլ պարագայում նա դժվար կկարողանա մարդ վերաբնակեցնել այնտեղ: Փախստականները չեն վերադառնա Արցախ, եթե իմանան, որ խաղաղությունն այնտեղ 4-ից մի քիչ ավելի տարվա ժամկետ ունի (հենց այդքան ժամանակ է մնացել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը-խմբ.): Հետեւաբար խնդիրները շատ բարդ են, այդ թվում Ադրբեջանի համար:
- Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ կա՞ն:
- Ադրբեջանը դա շատ պարզ է պատկերացնում՝ սահմանների դելիմիտացիայի անվան տակ իր սահմանների ճանաչում եւ խաղաղության պարտադրում այնպես, որ Հայաստանը որեւէ կերպ Արցախի անունից հանդես գալ չկարողանա:
- Սա ա՞յն է, ինչ մենք չարեցինք Արցախյան առաջին պատերազմից հետո:
- Այո, ոչ միայն Ադրբեջանին մեր պայմաններով խաղաղությունը չպարտադրեցինք, այլեւ հետագայում Ռոբերտ Քսոչարյանի ձեռքով Արցախը դուրս բերվեց բանակցայն գործընթացից, Հայաստանը սկսեց հանդես գալ Արցախի անունից, այժմ էլ Ադրբեջանը պատերազմով լուծելով տարածքների խնդիրը՝ փորձում է Հայաստանին զրկել Արցախի խնդրի մասին խոսելու իրավունքից: Թերեւս սա է նպատակը:
- Այդ գործընթացից խուսանավելու մեր տարբերակը ո՞րը կարող է լինել:
- Այս պահին խուսափելու միակ ձեւը Մինսկի խմբի ակտիվացումն է: Խումբն ունի հաստատված խաղի կանոններ, որոնք չեն պահպանվել, խախտվել են: Վերադարձ այդ խաղի կանոններին թերեւս կարող է հայկական կողմի համար մանեւրելու դաշտ ստեղծել: Դա եւ հակամարտության համապարփակ ու համալիր կարգավորումն է, եւ կարգավիճակի խնդիրը, եւ ԼՂԻՄ-ի նախկին տարածքների վերականգնման հարցն է՝ գոնե դե յուրե ձեւակերպումների մասով եւ այսպես շարունակ: Այսինքն դրա ուղիներից մեկը այս թուրք- ադրբեջանա-ռուսական եռանկյունուց մեր խնդիրները դուրս բերելն է:
- Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորների ներկայությունը կարծեք թե սովորական դարձավ: Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը:
- Այդ խնդիրը կլուծվի, այդ խնդիրը աստիճանաբար կլուծվի, չեմ կարծում, որ կթողնեն այսպես մնա: Բնականաբար հիմնականում նախընտրական շրջանն էր ինչ-որ պահի դրա սառեցման պատճառը, բայց կարծում եմ ընտրություններից հետո այդ խնդիրը կրկին հրատապություն ձեռք կբերի:
- Վերջին օրերին մեկ տեղեկություններ են հայտնվում, թե հայկական կողմն է կրակոցներ արձակել, մեկ հակառակ տեղեկություններ են լինում: Այս լարվածությունը ինչի՞ կարող է հանգեցնել:
- Սա նշանակում է, որ սահմանի հետ կապված ինչ-որ բան է կատարվում, բայց դեռ տեսանելի չէ, թե ինչ:
- Կարելի՞ է ենթադրություններ անել:
- Այդ լարվածության օբյեկտիվ պատճառներ կան, ի վերջո սահմանագիծ, բնագիծ դեռեւս հաստատված չէ Հայաստանի արեւելքում եւ դեռեւս ինչ-որ մի շրջան նման խնդիրներ կլինեն: Բայց օբյեկտիվ պատճառներից դուրս միգուցե հնարավոր են սուբյեկտիվ պատճառներ էլ եւ դա Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու մասին է երեւի:
- Քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ կան, որ ընտրությունների շրջանում ադրբեջանական կողմի լռությունը իր գինն ունի: Համամի՞տ եք այս մտքի հետ: Եթե այո, ապա ըստ ձեզ ի՞նչ պայմանավորվածություն կարող էր լինել:
- Ես ծանոթ եմ այդ տեսակետին. շատ կարեւոր է հասկանալ Ադրբեջանի լռությունը այդ իրավիճակում, բայց նաեւ հակված չեմ այդ դավադրության տեսություններին, թե Երեւանը ինչ-որ բան է խոստացել Ադրբեջանի լռության դիմաց, որը պետք է բավարարվի ընտրություններից հետո: Կարծում եմ՝ չկա նման բան:
Մանրամասն՝ «Հայկական ժամանակ»թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր