ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

01 հուլ 2021 11:58

Ձեռնարկվում են որոշակի քայլեր, որոնք տագնապալի են Կրեմլի համար.Մոսկվայի համար բավականին տհաճ նորություններ են գալիս Հարավային Կովկասից

«Փաստ» օրաթերթը գրում է

day.ua-ն գրում է, որ Մոսկվայի համար բավականին տհաճ նորություններ են գալիս Հարավային Կովկասից: Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ընթացքում արդեն իսկ ակնհայտ է դարձել Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում: Ակնհայտ է նաև, որ առաջիկայում կլինի այդ կարևոր տարածաշրջանի պետությունների աշխարհաքաղաքական և ռազմավարական շրջադարձերի շարունակականությունը: Վրաստանն արդեն երկար ժամանակ շեղված է դեպի Արևմուտք: Այդ գործընթացը կանխելու կամ գոնե դանդաղեցնելու Ռուսաստանի բոլոր փորձերն անհաջողության են մատնվել: Ավելին, ռուսական ճնշման ուժեղացման հետ մեկտեղ տեղաշարժն այնքան է արագացել, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն է օրակարգ մտել: Հայաստանի հետ նույնպես ամեն ինչ հարթ չէ:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի երկիմաստ քաղաքականությունը զգալիորեն մեծացրել է այդ երկրում հակառուսական տրամադրությունները, ինչը էապես ազդել է նաև վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Նիկոլ Փաշինյանը արտաքուստ Մոսկվայից հեռանալու ոչ մի քայլ չի ցուցադրում, բայց ձեռնարկում է որոշակի քայլեր, որոնք տագնապալի են Կրեմլի համար, և առաջին հերթին էներգետիկ ոլորտում ռուսական մենաշնորհների ամենազորությունը սահմանափակելու ուղղությամբ: Արտաքին քաղաքականության մեջ նման քայլերի հետևանքները հեշտությամբ կանխատեսելի են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն բացահայտ հակառուսական քայլեր չի ձեռնարկում, բայց ավելի ու ավելի է մերձենում Թուրքիային: Նախագահներ Էրդողանի և Ալիևի կողմից Շուշիում ստորագրված դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը դա է հաստատում: Հռչակագրի տեքստում ասվում է, որ երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում երկու երկրները գործելու են միասին: Այն պարունակում է նաև «երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման» համատեղ ջանքերի շարունակականության դրույթը:

Ինչպես ասել է Ալիևը, «ստորագրված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի»: Նա բացատրել է, որ համաձայնագիրը վերաբերում է Բաքվի և Անկարայի համագործակցությանը բոլոր ոլորտներին: Հռչակագրին հաջորդել է Էրդողանի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ նա ուղղակիորեն հայտարարել է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին: Էրդողանն ասել է, որ բազայի հարցի շուրջ խորհրդակցելու է Պուտինի հետ: Ինչպես հաղորդել է NTV հեռուստաալիքը, Անկարա վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ «դա (բազայի ստեղծումը) չի անցնում հռչակագրի դրույթներից այն կողմ, այդ հարցի զարգացումը հնարավոր է, այն կարող է մշակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խորհրդակցությունների ընթացքում»:

Այնուամենայնիվ, այդ ամենը Մոսկվային չի հանգստացրել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման վերաբերյալ տեղեկատվությանը: «Իհարկե, դա մեր ուշադրության կենտրոնում է», - ասել է նա: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծայրաստիճան գրգռվածություն է ցուցաբերել: Պատասխանելով Ադրբեջանում հնարավոր ստեղծվելիք թուրքական ռազմաբազայի մասին հարցին՝ նա ասել է, որ չի մեկնաբանում չճշտված լուրերը: Հետաքրքիր է, իսկ ինչքանո՞վ են այդ լուրերը չճշտված, եթե եղել են Թուրքիայի նախագահի պաշտոնական հայտարարության տեսքով: Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության հարցը ունի երկու բաղադրիչ:

Իրականում, թուրքական զինուժն ու ավիացիան արդեն իսկ առկա են այդ երկրում, բայց կա՛մ ինստրուկտորների տեսքով, կա՛մ էլ ռոտացիայի սկզբունքով զորավարժությունների ժամանակ։ Պետք է նշել, որ երկու երկրների միջև բավականին հաճախակի են զորավարժություններ անցկացվում: Ինչ-որ իմաստով դրանք կարելի է ռազմաբազայի հիմք համարել, քանի որ նման պրակտիկան, այսպես թե այնպես, պահանջում է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում: Մյուս կողմից՝ լիարժեք թուրքական ռազմաբազա ստեղծելու հատուկ անհրաժեշտություն չկա: Հայաստանը, հասկանալի պատճառներով, տեսանելի ապագայում չի կռվի Ադրբեջանի հետ, Ռուսաստանը՝ նույնպես, իսկ այլ հարևանների կողմից սպառնալիքներ չկան: Իրավական կողմը նույնպես լուրջ հիմք է ընդդեմ ռազմաբազայի ստեղծման:

Ադրբեջանի Սահմանադրությունը արգելում է երկրում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը: Այդ իրավիճակը կարող է փոխվել, բայց գործընթացը հեռու է պարզ լինելուց՝ նույնիսկ հաշվի առնելով ադրբեջանական իրողությունները: Մեծ հաշվով, Մոսկվան մտահոգված է ոչ այնքան ռազմաբազայի խնդրով, որքան Բաքվի՝ դեպի Անկարա տանող ընդհանուր փոփոխությամբ և արդյունքում Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ այն տարածաշրջանում, որը Մոսկվան ավանդաբար համարել է իր սեփականը: Եվս մեկ բան. Կրեմլին անհանգստացնում է այն փաստը, որ նա չի կարողանում որևէ բան հակադրել ադրբեջանական քաղաքականության նման փոփոխությանը և Թուրքիայի դերի իրական ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում: Այստեղից էլ գալիս են ռուս խորհրդարանականների հայտարարությունները առ այն, որ պաշտոնական Մոսկվան նախընտրում է չխոսել և ոչինչ չանել:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինն ասել է. «Այն պահից հետո, երբ Ադրբեջանը թուրքական բանակի հետ միասին պայքարեց ՀԱՊԿ անդամի դեմ, Բաքվին կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ: Իրավաբանորեն, դա ժամանակի խնդիր է, այդ ամենը կձևակերպվի, Ադրբեջանը նպատակ ունի մերձենալ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով, որը ՆԱՏՕ-ի ամենատարեց անդամներից է»: Կոմիտեի նրա գործընկեր Վիկտոր Զավարզինն էլ նշել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր հայտնվելը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի ընդլայնում հետխորհրդային տարածքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր