Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

05 հուլ 2021 12:53

Տեսանյութ.Փաշինյանը եւ Ալիեւը քրեորեն պատժելի հանցագործություններ են կատարել.գերիների վերադարձի անվան տակ՝ դավաճանություն

Սա երկկողմանի հանցագործություն է, ինչը փորձում է քողարկվել հումանիստական՝ մարդկանց ազատություն շնորհելու էմոցիոնալ տրամադրությունների ֆոնով, բայց իրականում եղել է երկու հանցագործություն միաժամանակ՝ առաջինը ՔՕ-ով հստակ ամրագրված պետական դավաճանությունն է, որն իրականացրել է Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար դրանում ներգրավված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք,-խոսելով գերիների նոր խմբի վերադարձի դիմաց թշնամուն ականապատ տարածքների քարտեզ տալու մասին,  նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։


Նրա խոսքով՝ պետական դավաճանություն է, քանի որ թշնամական երկրին պաշտոնապես փոխանցվել են պետական հույժ գաղտնիք հանդիսացող ռազմական բնույթի տեղեկություններ։


«Օրեր առաջ ԱԱԾ-ն հրապարակեց մի հաղորդագրություն, որ կամավորական գումարտակի մի հրամանատար լուսանկարներ, տեղեկություններ է փոխանցել։ Էդ մարդուն դատում են ու ճիշտ են անում։ Բայց այս տեղեկությունները, որ համեմատում ենք մյուսների հետ, մուլտֆիլմի սցենար է, որովհետեւ կոնկրետ ականապատ դաշտերի քարտեզները, որտեղ նշված է՝ քանի ական է տեղադրված, որտեղ, էդ պետական հույժ գաղտնի տեղեկությունը վերցնել ու փոխանցել թշնամուն քրեական հանցագործություն է»,-նշեց Ղազարյանը։


Նա ասաց, որ մյուս մեղավորը Ադրբեջանի ղեկավարությունն է, որն զբաղվել է մարդավաճառությամբ՝ թրաֆիքինգով։


«Եթե սա իրենք ներկայացնում են որպես գերիների վերադարձ, ապա պաշտոնական Բաքուն, Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Բայրամովը հայտարարել են, որ Ադրբեջանում ռազմագերիներ չկան, նրանց հարցը լուծված է, բոլոր ռազմագերիներին ու մնացած գերիներին հանձնել է, ովքեր կան, հանցագործներ են։ Խոսքը, ըստ ադրբեջանական տեսակետի, վերաբերվում է ոչ թե գերիներին, այլ մարդուն։ Կոնկրետ մարդուն ինչ-որ մի պայմանով հանձնել ինչ-որ մի կողմի, դրա համար ունենալ շահադիտական մոտիվներ, դա սովորական թրաֆիքինգ է»- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։


Ղազարյանը նշեց, որ կապիտուլյացիոն փաստաթղթում կա ընդամենը մի կետ՝ ութերորդը, որը ինչ-որ չափով մեր շահեից էր բխում, որտեղ նշված է, որ տեղի է ունենում բոլոր տիպի ռազմագերիների, այլ պահվող անձանց եւ զոհվածների աճյունների փոխանակում։


«Դա այն քիչ դրույթներից է, որտեղ ժամկետ սահմանված չի։ Ժամկետ չկա, որովհետեւ դա պետք է լինի անպահաղ, որովհետեւ մարդ է, մարդու արժանապատվություն, կյանքը, առողջությունը։ Մինչեւ 2021 թվականը Հայաստանում ոչ մի ադրբեջանցի ռազմագերի չկար։ Մեր պետությունը չունի իշխանություն, որը զբաղվի իր ազգային, պետական շահերով»,-ասաց Էդգար Ղազարյանը։


Նա ներկայացրեց պետական դավաճանության քայլերը, որոնք, գերիների վերադարձի անվան տակ, պետական հույժ կարեւոր ինֆորմացիայի դիմաց են տեղի ունենում։


«Այդ մարդկանց վերադարձը ուղղակի քողարկող ֆոնն է։ Իրականում տեղի է ունենում հայկական կողմից հույժ կարեւոր եւ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող տեղեկությունների փոխանցումը թշնամուն, եւ այդ հանցանքը քողարկելու համար մի քանի մարդ են բերում Հայաստան։ Եթե Ադրբեջանին այդ տարածքների քարտեզները հասանելի չլինեն, Ադրբեջանը դրանք չի կարող օգտագործել»,-նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։
Էդգար Ղազարյանը նշեց, որ կասկածելի է նաեւ Հայաստանի տարածքով թշնամուն տրվող միջանցքի ճակատագիրը։


«Նա ոչ միայն սա ստորագրել է, հետն էլ ասում է՝ Մեղրի չեմ գրել։ Ավելի լավ էր՝ գրեիր Մեղրի, իմանայինք մենակ Մեղրին է տուժում։ Դու գրել ես Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապող ենթակառուցվածքներ, որը նշանակում է ե՛ւ Վայոց Ձոր, ե՛ւ Գորիս, ե՛ւ Սիսիան, ե՛ւ Մեղրի։ Ու ամեն ինչը ստորագրել ես դու։ Ու դա հարց է, որը բանակցային փաստաթղթում երբեք, որեւէ ժամանակաշրջանում չի քննարկվել»,-ասաց Էդգար Ղազարյանը։


Մանրամասն՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր