Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

20 հուլ 2021 11:38

Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան». այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ․ նման բան չի լինի

Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը բազմիցս եղել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու թե՛ Արցախում, կարծում է, որ հարաբերությունների խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավիգդոր Էսկինը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի այսօրվա կարգավիճակը աշխարհում զգալի չափով կախված է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունից: Այս համատեքստում իսրայելցի հրապարակախոսը կոչ արեց Ադրբեջանի նախագահ Ալիևին հրաժարվել Հայաստանի հանդեպ ռազմատենչ հռետորաբանությունից՝ ընդգծելով, որ այն խանգարում է բանակցություններին:


 
«Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի կարգավիճակը աշխարհում այսօր զգալիորեն կախված է Հայաստանի հետ երկարաժամկետ, խաղաղ համաձայնագրի գնալու իր պատրաստակամությունից: Թուրքիայի հետ ավելորդ մոտիկությունը և Ադրբեջանի ներքին իրադրությունը լուրջ քննադատության են ենթարկվում ամբողջ աշխարհում: Դա ոչ միայն այն ուժերն են, որոնք հակամարտության մեջ են Ադրբեջանի հետ: Առաջին հերթին խոսքը սորոսական կազմակերպությունների մասին է, որոնց հետ Ալիևը արդեն մի քանի տարի է՝ պատերազմի մեջ է: Այլև Միացյալ Նահանգների վարչակազմն է և Եվրամիությունը, որը քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանին: Ուստի լավ կլիներ՝ ձեր հարևանները հասկանային, որ խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում Հայաստանին ընդառաջ կատարվող քայլերը պետք են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին», - ասաց իսրայելցի հրապարակախոսը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորումը ձեռնտու է բոլորին թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով:

 
Էսկինի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին երկդիմի են՝ ուղղված լինելով նաև ներքին լսարանին ու հատկապես բնակչության այն հատվածին, որոնք արյան ծարավ են և կարծում են, թե խնդիրները կարելի է լուծել ռազմական ճանապարհով: Մեր զրուցակիցը շեշտեց, որ նման հռետորաբանությամբ հանդես գալը սխալ քայլ է Ալիևի կողմից:
 
«Եթե դա քաղաքականություն է, ապա դա սխալ քաղաքականություն է, որը կյանքի կոչվելու հնարավորություն չունի: Եթե դա հռետորաբանություն է, ապա արժե հրաժարվել դրանից, քանի որ այն նոր վիճաբանություն է հրահրում՝ Հայաստանում առաջացնելով բնական մտավախություններ: Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան»: Այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ: Նման բան չի լինի: Բայց այդ հռետորաբանությունը ամեն դեպքում խանգարում է բանակցություններին», - նշեց Էսկինը:
 
Իսրայելցի վերլուծաբանը նաև նկատեց, որ ի հեճուկս շատերի կանխատեսումների՝ ներքաղաքական կյանքը Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կայուն է դարձել. «Դեռ մեկ ամիս առաջ թվում էր, թե այս երկիրը կարող է խրվել ներքին բնույթի կոնֆլիկտի մեջ: Դիմակայության աստիճանը, կրքերի շիկացումը Հայաստանում պատերազմից հետո հասել էին բռնության և բախումների եզրին: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, Հայաստանը թևակոխեց խաղաղ գոյության փուլ: Եվ Ադրբեջանում էլ պետք է հասկանան, որ թեև Հայաստանը շատ ծանր իրադարձություններ է վերապրել, բայց երկրի ներսում նա մնացել է կայուն և պատրաստ է քաղաքական լուրջ քայլերի՝ վայելելով միջազգային հեղինակություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր