Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

07 օգոս 2021 14:31

Վիրավոր զինծառայողներին սորտավորում են՝ բուժում են միայն 44-օրյայի մասնակիցներին

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը լայն իրավունքներ է սահմանում այն զինծառայողների համար, որոնք ծառայության ընթացքում հիվանդություն, խեղում կամ որեւէ այլ տիպի վնասվածք են ստացել, որոնց առողջությունը տուժել է ծառայության հետեւանքով՝ բանակում կամ պատերազմական գործողությունների մասնակցելիս, մարտական հանձնարարություններ կատարելիս եւ այլն։

Նման անձանց բուժման, ապաքինման, նույնիսկ առողջարաններում կազդուրման ծախսերը, օրենքի համաձայն, հոգում է Հայաստանի Հանրապետությունը։

Սակայն առողջապահության նախարարությունը նշված օրենքը ծալել-մի կողմ է դրել եւ բուժման ուղեգիր է տալիս միայն այն զինծառայողներին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Այս մասին մեզ հայտնեց բանակում վիրավորված, հաշմանդամ դարձած մի երիտասարդ, ով դիմել էր առողջապահության նախարարություն՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով։ Նրա հայտը նախարարությունը մերժել է ակնհայտ ապօրինի պատճառաբանությամբ։
Զինծառայողին տրված պատասխանում, որպես պատճառ, նշված է․ «Վիրավորումը չի ստացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ»։

Փաստորեն, առողջապահության նախարարությունը որոշել է ֆինանսավորել միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական բուժումը։ Մյուս բոլորին, ովքեր նույնպես  մարտական գործողությունների մասնակիցներ են կամ տուժել են բանակային ծառայության ընթացքում, նախարարությունը մերժում է։ Մեր տեղեկություններով, նման գործելակերպի պատճառն այն է, որ նախարարության բյուջեն ահռելի ճեղքվածք ունի։

Պետպատվերի համար տրամադրվող գումարների մոտ 4 մլրդ դրամի դեֆիցիտ կա, որը նախարարությունը որոշել է լրացնել օրենքը խախտելով եւ զինծառայողներին դասակարգելով։ Սա կրկնակի հետաքրքիր է վերջերս հրապարակված վիճծառայության տվյալների ֆոնին, որոնցից հետեւում է, որ 5 տոկոս տնտեսական աճ ունենք, որ աճել ենք բոլոր ուղղություններով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի։ Այդ դեպքում, եթե իշխանական այս հավաստիացումները ճիշտ են, ինչո՞ւ չենք կարողանում առողջապահության բյուջեն ապահովել ու տուն ենք ուղարկում հիվանդ զինծառայողներին։ Ի՞նչ իրավունքով է խախտվում զինծառայողների բժշկական օգնության եւ սպասարկման կարգը։

Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով հանձնաժողովից հայտնեցին, որ իրենք էլ են նման մի քանի բողոք ստացել։ «Չէի ասի, որ դա օրենքի խախտում է։ Հավանաբար, կա ժամկետի խնդիր, այս պահին պետպատվերը սահմանված է միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների համար, բայց սա առողջապահության նախարարության պատասխանատվության ոլորտն է։ Այնտեղից տեղեկություն ստացեք»,- ասաց վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։

Առողջապահության նախարարությունից մեր հարցն «իգնոր» արեցին։ Հրապարակում ենք նախարարության պատասխանը զինծառայողին՝ վերջինիս անուն-ազգանունը փակելով։

Նյութի աղբյուր՝ Hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր