Տեսանյութ.ՀՀ ժամանածներին «Զվարթնոցում» ռեկետի են ենթարկում հոդվածի առիթով ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում
![](https://i.ytimg.com/vi/oz4qSP5wl0w/hqdefault.jpg)
Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին «Զվարթնոց» օդանավակայան ժամանած NEWS.am–ի լրագրողը ֆիքսել էր, թե ինչպես են օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից չորսը խախտում հակահամաճարակային կանոնները և առանց դիմակի հրահանգներ տալիս Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին։ Ոստիկաններն, առանց այլընտրանք առաջարկելու քաղաքացիներին ստիպում էին 15.000 դրամ արժողությամբ թեստ հանձնել օդանավակայանի տարածքում գործող լաբորատորիաներում, մինչդեռ օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին օգտվել պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման հնարավորությունից։ Համաձայն կառավարության որոշման՝ մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անունից` մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով։ Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր:
Նույն օրը հրապարակված «ՀՀ ժամանածներին «Զվարթնոցում» ռեկետի են ենթարկում. COVID թեստերի մաֆիան վերահսկում է կառավարության տեսչական մարմինը» վերտառությամբ հոդվածում NEWS.am–ը գրել էր, որ առանց թեստավորման կամ մատչելի գնով հետազոտմամբ օդանավակայանից դուրս գալու հարցում երբեմն միջնորդ են հանդիսանում Կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները։ Ասվածը ստուգելու համար հորդորել էինք իրավապահներին զննել օդակայանի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի մեկ օրվա արձանագրությունները։