Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

19 օգոս 2021 12:58

Անցում՝ պրոֆեսիոնալ բանակի.Կառավարությունը նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի խորհրդարան:


Ծրագրում նշվում է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից:


«Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,-ասված է ծրագրում:


Նշվում է, որ կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորություններն ու պարտականությունները:


Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման և որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և զորային օղակներում իրականացվելու են կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:




Ծրագրի համաձայն՝ Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:


Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործվելու է ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը:


Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:


«Հայաստանի Հանրապետությունունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասված է ծրագրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր