Հայաստանի կառավարությունը նոր զորահավաք է հայտարարում
ՀՀ կառավարությունը նոր զորահավաք է հայտարարում: Որոշումն ընդունվել է գործադրի այսօրվա նիստում:
Որոշման համաձայն, հավաքները կլինեն վարժական և դրանց կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինները:
Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Հավաքներին ներգրավվելու են մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ինչպես նաև՝ ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական ու տեղագրական մասնագիտություններով պահեստազորայիններ:
Յուրաքանչյուր մասնագիտական խմբի հավաքը կտևի 9 օր:
Ընդհանուր վարժական հավաքները կտևեն երեք ամիս`2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Կառավարության որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը:
Հիշեցնենք, մինչ այս հավաքները ՀՀ պաշտպանության նախարարությունը պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ էր հայտարարել նաև օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը։
Դրանք նախատեսված ժամկետին արդեն մեկնարկել են ու այժմ ընթացքի մեջ են։
Այդ հավաքներին ներգրավվել են առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։