Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

11 սեպ 2021 13:15

Թբիլիսիի հետ հարաբերությունների վատթարացումը ոչ մի կերպ չի բխում Երևանի շահերից. «Փաստ»

ng.ru-ն «Փաշինյանը զարմացրել է Հայաստանին և մեկնել Վրաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան: Թբիլիսիում նա հանդիպել է իր գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Վարչապետների տետ-ա-տետ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են կառավարական պատվիրակությունների միջև: Սա Հայաստանի վարչապետի երրորդ այցն է Թբիլիսի: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսին, մի փոքր ուշ երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Վրաստանի սահմանամերձ գոտում, որից հետո վարչապետները կրկին հանդիպել են, բայց այս անգամ՝ հայկական սահմանամերձ գոտում:


2019 թվականի հոկտեմբերին Գիորգի Գախարիան էր այցելել Երևան, իսկ 2021 թվականի մայիսին ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էր այց կատարել: Ինչպես «ng.ru»- ին հայտնել էր Վրաստանի կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, Թբիլիսիի և Երևանի միջև վաղուց նման լավ հարաբերություններ չէին եղել: Սակայն դա ասվել էր Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից առաջ: Պատերազմի ժամանակ Վրաստանը հայտնվել էր աննախանձելի վիճակում, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան երկկողմանի ճնշում էին նրան՝ պահանջելով Հայաստանի շրջափակում՝ դրսից ռազմական օգնությունից զրկելու համար: Վրաստանի իշխանությունների այն ժամանակվա դիրքորոշումը գրեթե ապակայունացման պատճառ էր դարձել Ջավախքի հայաշատ շրջանում:


Նրա բնակիչները, հավաքելով մարդասիրական օգնություն` տաք հագուստ, սնունդ, փորձում էին այն ուղարկել Լեռնային Ղարաբաղում կռվող իրենց հայրենակիցներին: Սակայն տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակվել էր Վրաստանի սահմանային ծառայությունների կողմից: Միևնույն ժամանակ, ըստ որոշ աղբյուրների, թուրքական ավիացիան ազատորեն օգտագործել էր Վրաստանի օդային տարածքը: Ամեն դեպքում, պատերազմի օրերին այս մասին գրել են տարբեր հայկական աղբյուրներ՝ հիշեցնելով, որ 2008 թվականի օգոստոսին, երբ Հարավային Օսիայում ռուս-վրացական պատերազմն էր, Երևանը թույլ չի տվել թռիչք կատարել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ինքնաթիռներին, թեև դա կարող էր բերել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման:


Ղարաբաղյան պատերազմի օրերին պաշտոնական մակարդակով հայկական կողմից վրացական կողմին ուղղված բողոքի նոտաների մասին ոչինչ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, դրանք չեն էլ եղել, քանի որ Վրաստանը եղել և մնում է աշխարհի հետ Հայաստանի կապի կայուն օղակը, և Թբիլիսիի հետ հարաբերությունների վատթարացումը ոչ մի կերպ չի բխում Երևանի շահերից: Բայց սոցիալական ցանցերում տեղեկատվական պատերազմը երկու երկրների օգտատերերի միջև միշտ էլ բավականին լուրջ է եղել: Հավանաբար Փաշինյանի և Ղարիբաշվիլիի բանակցությունների ընթացքում տհաճ թեմաներ չեն բարձրացվել: Հանդիպումից հետո Փաշինյանն ու Ղարիբաշվիլին հանդես են եկել հայտարարություններով: Վարչապետներն իրենց հույսն ու ցանկություններն են հայտնել՝ տեսնել Վրաստանն ու Հայաստանը որպես կայուն և բարգավաճող պետություններ:


Ղարիբաշվիլին, մասնավորապես վերջին ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորելով իր գործընկերոջը, ասել է, որ ծանոթացել է Հայաստանի վարչապետի տեսակետներին ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման վերաբերյալ: «Ղարաբաղյան պատերազմը դժվար մարտահրավեր էր դարձել մեր տարածաշրջանի համար: Բայց հիմա, երբ ես գիտեմ վարչապետի մոտեցումների մասին, կարծում եմ, որ այս մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, որը բարգավաճում կբերի Հայաստանին և հայ ժողովրդին», - ասել է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով, Հայաստանի կայունությունը շատ կարևոր է Վրաստանի համար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:


«Մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը երեք բառ է` խաղաղություն, կայունություն, բարգավաճում: Սա միավորում է տարածաշրջանի բոլոր երեք երկրներին», - շեշտել է Վրաստանի վարչապետը: Այնուամենայնիվ, հայ հասարակության ուշադրությունը գրավել է ոչ այնքան Փաշինյանի այցը Վրաստան, որքան նրա հայտարարությունները կառավարության նիստում, որը տեղի էր ունեցել Թբիլիսի մեկնելուց անմիջապես առաջ: Փաշինյանը, անդրադառնալով վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում նա բարձրացրել էր Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, ասել է, որ դա վկայում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման մասին խոսելու հնարավորության մասին՝ հետագայում հայթուրքական երկաթուղու և մայրուղիների գործարկմամբ:


«Մենք պատրաստ ենք խոսել: Խոսքը տարածաշրջանը խաչմերուկի փոխակերպելու մասին է, որը կկապի Արևմուտքը Արևելքին և Հյուսիսը Հարավին:Ուրախ եմ արձանագրել, որ Ռուսաստանը հրապարակայնորեն հայտնել է գործընթացին աջակցելու իր պատրաստակամությունը: Դրանում շահագրգռված են ԱՄՆ -ը, Ֆրանսիան և ԵՄ այլ երկրները, ինչպես նաև Չինաստանն ու Հնդկաստանը», - ասել է Փաշինյանը: Մեկ այլ հայտարարություն, որը ևս հայտնվել է հայ հասարակության ուշադրության կենտրոնում, վերաբերել է իշխանությունների մտադրությանը՝ կազմակերպել լայնածավալ և գունագեղ տոնակատարություն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ: Փաշինյանն ասել է, որ միջոցառումը նվիրված կլինի Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար զոհվածների հիշատակին:


«Հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը չի կարող տոնական կոչվել, սակայն մենք որոշում ենք կայացրել պատշաճ կերպով նշելու Հայաստանի անկախության 30-ամյակը»,-ասել է վարչապետը: Իսկ Ֆեյսբուքի հայաստանյան հատվածում հարցեր են հնչել տարբեր մեկնաբանություններով այս կոնտեքստով. «Ինչպե՞ս է հնարավոր շքեղ տոնակատարությամբ ոգեկոչել վերջին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զոհերին»:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր