Անդրանիկ Քոչարյանը կրկին օգտագործեց Էյվազլար ադրբեջանական տեղանունը
![](https://panorama.am/news_images/856/2567226_1/adfj.thumb.jpg)
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հարցին անդրադառնալիս կրկին շեշտեց տեղանքի ադրբեջանական անունը:
«Ճանապարհի Էյվազլար հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել, և այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաները և գումար են վերցնում պարսկական բեռնատար մեքենաներից և այն մաքսայի՞ն գործողություն է, թե՞ ապօրինի գործողություն՝ Իրանի ու Ադրբեջանի միջև պիտի ճշտվեն:
«Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին: Հիմա մեր սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի տեղակայումը և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչև մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ առնչվող խնդիրները»,-հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավորը:
Պատգամավորը հայտնեց, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքները գնում են բայց և նկատեց, որ բարդություններ կան, որովհետև մեծ քաշայնություն ունեցող տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են:
«Այս պահի դրությամբ որևէ լարվածություն չկա, հերթեր չկան, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի խնդիրը լուծված է: Ճանապարհի խնդրի լուծման համար Կառավարությունը որոշում կայացրեց 1 միլիարդ դոլար ներդրումային ծրագրի մասին»,- վստահեցրեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց. «Ճանապարհները կկառուցվեն, բայց դրանց հետ կապված էլ ադրբեջանական կողմը լարվածություններ կառաջացնի, բայց մեր խնդիրն է լուծումներ գտնել: Գլխավորը, որ դա չբերի այլ բնույթի լարվածության»: