«Մեծն սուլթանը» իր հայտարարության բնագրում չի տվել ՀՀ վարչապետի անուն-ազգանունը, չի էլ նշել նրա պաշտոնը․ սա արհամարհանքի բարձրագույն աստիճան է

Մելքոնյանը շեշտել է, որ հայկական տիրույթում տարածվածը Թուրքիայի նախագահի հայտարարության թարգմանության՝ մասամբ միտումնավոր փոփոխված ու սրբագրված տեքստն է, որտեղ Փաշինյանի անունը, ինչպես նաև նրա պաշտոնը, մատնանշվում են։ Իրականում, բացի այս ամենից, Էրդողանն իր հայտարարության մեջ չի էլ խոստանում, որ Հայաստանի կողմից «դրական» քայլերից հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։
«Նա ասում է՝ կսկսենք քաղաքական երկխոսությունը կամ, թուրքերեն ասված, դիվանագիտություն բանեցնելը, որի շրջանակներում որոշ բաներ պետք է տանք-առնենք։ Այսինքն, զիջումներ պետք է ստանանք և այլն»,-նշել է թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանը սպասելի է համարել Թուրքիայի նախագահի կողմից ինչպես նախապայմաններ առաջ քաշելը, այնպես էլ Հայաստանի ու նրա ղեկավարի մասին արհամարհական տոնով խոսելը, իսկ Հայաստանի հասարակությանը իշխանության մատուցած անակնկալները «օրինաչափ անսպասելիություն» է համարել, երբ իշխանությունն, իր սովորության համաձայն, քաղաքացիներին կանգնեցնում է «անակնկալ» փաստի առջև՝ ստորագրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ օրինակ՝ հանդիպում է խնդրում թշնամի երկրի ղեկավարից։
«Այն, ինչը խոստանում էր այս իշխանությունը՝ դիմել ժողովրդին, ստանալ նրա աջակցությունը, նոր բանակցել, այս պարագայում նույնպես մենք չենք տեսնում։ Ոչ միայն փորձագետները, այլև հասարակությունը ստիպված են լինում հղում անել թշնամի երկրի նախագահի խոսքին, իրադարձության մասին տեղեկանում ենք մամուլից։ Մինչ այդ էլ մամուլում լուրեր սպրդեցին, որ Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ ունեցել է թուրքական օրակարգ։ Չգիտեմ՝ Բաթումում կորել է, թե չի կորել, բայց այնուամենայնիվ, ինչ-որ թուրքական խնդրի արծարծում եղել է։ Փաստորեն, Էրդողանը դա հաստատում է»,-ասել է թուրքագետը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանից հնչած պաշտոնական մեկնաբանություններին։
«Նախ, պետք է ԱԳ նախարարությունը կամ կառավարությունը պաշտոնապես հաստատեին կամ հերքեին լուրը։ ԱԳՆ-ն լուռ է։ Երևի թե ԱԳՆ-ն, որպես կառույց, իր բոլոր ստորաբաժանումներով, տեղյակ էլ չէ այս պրոցեսից։ Միգուցե նախարարը, որը ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետ է, այլ արդեն իրենց քաղաքական թիմի անդամ, տեղյակ է։ Պարզաբանում տվեց նաև Փաշինյանի մամուլի խոսնակը, բայց այս պարագայում «դիվանագիտություն բանեցնելը» կամ իրենց դիվանագետի և դիվանագիտական հռետորաբանությանը տիրապետողի տեղ դնելն այնքան էլ տեղին չէ, որովհետև հասարակությունը սպասում է՝ Էրդողանին դիմե՞լ ես հանդիպման առաջարկով, թե՞ ոչ»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը։