Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

29 սեպ 2021 16:34

Քաղաքական տեսարանի ակնհայտ փոփոխություն տարածաշրջանում, որը միանման աջակցություն է ստանում ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում. արդյո՞ք կողմերը հասել են ինչ-որ փոխզիջումային որոշման

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին օրերին երկու հարցազրույց է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը և ֆրանսիական France 24 հեռուստաալիքին: Ինչպես «Ռեգնում» գործակալությունում հրապարակված հոդվածում նկատում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը, այդ երկու հարցազրույցը միավորում է մեկ ընդհանուր թեմա՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում և իրավիճակն այսպես կոչված՝ հետհակամարտային ժամանակաշրջանում, սակայն դրանց միջև կա նաև տարբերություն:


Փորձագետը նշում է, որ առաջին հարցազրույցում Ալիևը քննադատությունների տարափ է տեղացել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա, որն, ըստ ադրբեջանցի ղեկավարի, «նախապատվություն է տվել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» քաղաքականությանը: Ալիևի խոսքով՝ «44-օրյա պատերազմի ընթացքում ՄԽ որոշ համանախագահ երկրներ հարց են բարձրացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ», իսկ պատերազմի ավարտից հետո՝ մոտ մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես չի եկել որևէ առաջարկով:


Ավելին, Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, իսկ հետագայում Մինսկի խումբը պետք է զբաղվի «ճանապարհների բացմամբ, միջանցքների բացմամբ, խաղաղ գործընթացին աջակցելով, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի իրենց առաջարկած պայմանագիրը»:


Եվ հանկարծ, ինչպես նկատում է հոդվածագիրը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարում է հետևյալը. «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Խոսքը ոչ միայն երկխոսություն սկսելու, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ տարվելիք աշխտանքների մասին է: Պատերազմն ավարտվել է, հակամարտությունը՝ կարգավորվել: Մենք պետք է անցնենք նոր գործունեության, որպեսզի տարածաշրջանն առավել կանխատեսելի, կայուն և անվտանգ դարձնենք: Երկու երկրի արտգործնախարարների հանդիպումն այդ ջանքերի լավ ցուցիչ է: Հուսով եմ, որ դա պարզապես հանդիպում չէ, այլ հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբ, որը նոր ծավալ կհաղորդի համագործակցությանը Հարավային Կովկասում: Ադրբեջանը երբեք չի առարկել բարձրագույն մակարդակով հանդիպումներին: Սովորաբար, երկու երկրի ղեկավարների միջև հանդիպումները կազմակերպվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Նրանք առաջարկել են օրակարգը, կազմակերպել հանդիպումները, սակայն եթե ՄԽ համանախագահները հանդես գան հանդիպման առաջարկով, ապա մենք, իհարկե, դեմ չենք լինի»:


«Քաղաքական տեսարանի ակնհայտ փոփոխություն տարածաշրջանում: Դրա առաջին տեսանելի նշանը ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերականգնումն է: Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային այցելությունների վերականգնումը»: Երկրորդ նշանն այն է, որ այդ ակցիան միանման աջակցություն է ստանում ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, այսինքն կողմերը հասել են ինչ-որ փոխզիջումային որոշման: Սակայն՝ ինչպիսի՞: Նշանակում է դա արդյո՞ք, որ Հայաստանը, նախկինում ԵԱՀԿ ՄԽ գործունեության հետ էր կապում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման խնդիրը, փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է համանախագահներին Ադրբեջանի առաջարկած բանակցային օրակարգին: Թե՞, ընդհակառակը, փոփոխություններ են տեղի ունեցել Բաքվի մոտեցումներում բանակցային գործընթացին: Չէ, չի նշանակում: Ամենայն հավանականությամբ, սկսում է աշխատել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ներկայացրած սխեման»,-գրում է փորձագետը:


Ավելի վաղ վերջինս, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերսկսման անհրաժեշտության մասին, ընդգծել էր, որ «համանախագահների եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի հարցով փոխընդունելի մոտեցումների մշակման գործում, սակայն առանց շտապելու, երբ գա ժամանակը»:


«Այստեղից՝ ենթադրություն. Մինսկի խումբը դեռևս զերծ է մնում իր օրակարգի ձևավորումից և իր գլխավոր առաջադրանքը տեսնում է բանակցային գործընթացի վերականգնման մեջ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամպրապնդմանն ուղղված հարցերին, առանց որի դժվար է առաջ շարժվել քաղաքական կարգավորման ուղով: Նման մարտավարությունը ենթադրում է նախնական փուլում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքների պահպանումը և դրանց անցումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Եվ միայն հետո՝ կարգավորման գործընաթացի երկրորդ կամ երրորդ փուլում կարող են նոր պայմաններ ի հայտ գալ նոր ձևաչափերի ձևավորման համար, որին կարող են մասնակցել նաև շահագրգիռ արտաքին խաղացողները»,-վերլուծում է Տարասովը:


Վերջինս ենթադրում է, որ պատահական չէ, որ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում իր պատրաստակամության մասին հայտնել է Ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում, քանի որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ակտիվորեն հետևում է ԼՂ շուրջ տիրող իրավիճակի զարգացմանը:


«Հետաքրքրական է, որ իրադարձությունների ընթացքին արագ արձագանքել է Եվրամիությունը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նախօրեին ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ «իրենք բանակցություններ են սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկրների միջև փոխադարձ վստահության կառուցման համար»: Սակայն պատրաստ է արդյո՞ք ադրբեջանական դիվանագիտությունն իրադարձությունների նման ընթացքին: Չէ՞ որ նախկինում ԵՄ-ն չի մասնակցել ԼՂ հարցով բանակցություններին: Այժմ Բրյուսելը կարող է մեծացնել իր քաղաքական ակտիվությունն Անդրկովկասում և ներկայացնել իր հակամարտության կարգավորման իր ծրագիրն՝ այլընտրանքային լուծումների առաջարկներով՝ որպես հակակշիռ Բաքվի դիրքոորոշումներին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,-եզրակացնում է մասնագետը:


Վերջինս նշում է նաև, որ պատահական չէ, որ Թբիլիսին, որն իրեն համարում է «միակ եվրոպացին Կովկասում», կրկին հանդես է եկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ ստեղծելու» առաջարկով:


Սակայն արտաքին նշաններով դեռևս Բաքուն և Երևանը փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն դրսևորում, որպեսզի խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակվի, ինչը հնարավոր է միայն իրական բանակցությունների մեկնարկի պարագայում, իսկ դրան դեռ շատ կա, ինչպես գրում է Eurasianet ամերիկյան պարբերականը:


Աղբյուրը՝ tert.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր