Թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրեն էնպես է պահում , ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են
«Նման բան չի եղել, ադրբեջանցիները հայ վարորդին չեն կանգնեցրել, գումար չեն վերցրել: Ուղղակի բնակչին ճիշտ չեն հասկացել, առանց ստուգելու հայտարարություններ են անում: Ես ահազանգեր չեմ ստացել, որ ադրբեջանցիները հայ վարորդների մեքենաները կանգնեցրել են կամ ստուգել են, կամ, ասենք, գումար են վերցրել:
Երբ նոր էին էդ հատվածում տեղակայվել, կանգնեցնում էին նաև հայկական մեքենաները, բայց էլի եմ ասում, որ չունեմ էդպիսի տեղեկություն, որ հայ վարորդներից գումար պահանջած լինեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ ադրբեջանցիները կանգնեցրել են հայ վարորդի մեքենան և գումար պահանջել:
Գորիսի փոխքաղաքապետի խոսքով՝ թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իր զբաղեցրած հատվածում այնպես է իրեն պահում, ոնց իր տանը տիրություն կաներ:
«Իրենք իրենց այնպես են պահում, ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են։ Իրավիճակը նույնն է, իրանական բեռնատարներն են կանգնեցնում, ինչ-որ շինաշխատանքներ են անում: Նույն ձևի իրենց գործն անում են:
Թուրքը եկել հասել է մեր բակերը, իսկ մենք չգիտեմ՝ ում վրա ենք հույսներս դրել, չգիտեմ՝ ինչ է լինելու էս ամենի վերջը»,- եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը:
Հիշեցնենք, որ օրերս Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա էին կանգնեցրել։