Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում          Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում       Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

11 նոյ 2021 13:03

Գորիս-Կապան ճանապարհը, հնարավոր է, օգտագործեն նաև Ադրբեջանի քաղաքացիները, մենք էլ համապատասխան քաղաքականություն կիրականացնենք․ ԱԽ քարտուղար

«Եթե դուք հետևեիք մեր բոլոր հայտարարություններին՝ սկսած նոյեմբերի 9-ից, կարծում եմ, այդպիսի հարց չպետք է առաջանար», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ կառավարությունը հանրությանը չի տեղեկացրել Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու մասին։

Նա բացատրեց նաև, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր, որ դրա այլընտրանքը «միջանցքային տրամաբանությունը» պետք է լիներ։

«ՀՀ քաղաքացիները այդ ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանությամբ ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել և մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել միջանցքային տրամաբանության մեջ չունենալ որևէ գործարք», - ասաց նա։

Գրիգորյանը նշեց նաև, թե ինչու է հայկական կողմն էլ իր սահմանային մաքսակետերը տեղադրում Գորիս-Կապան ճանապարհին։

«Դա հակակշռի համար չէ, դա ընդհանուր տրամաբանությունն է։ Քաղաքականությունը, որը Ադրբեջանը վարում է, այսինքն՝ մաքսակետեր տեղադրելով և գանձումներ կատարելով, հնարավոր այդ ճանապարհները նաև Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու», - ասաց նա։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ որևէ համայնք շրջափակման մեջ չէ։ Նա նշեց, որ ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար։

«Այդ համայնքներում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու»,-ասաց ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը՝ ստացվում է Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածից հրաժարվու՞մ ենք, ԱԽ քարտուղարը նշեց, որ այդ ճանապարհի մի մասն ըստ գոյություն ունեցող իրավական քարտեզների երբեմն անցնում է ՀՀ-ի տարածքով, երբեմն անցնում է Ադրբեջանի տարածքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր