Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

27 դեկ 2021 10:16

Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել. ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը. Հարությունյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական դրույթ է շեշտադրել.


1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:


2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ:


3. Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:


4. Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր հայրենակիցները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:


5. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը:


6. Չանդրադառնալով անցյալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապես պետք է արձանագրել, որ հիմա պահը շատ ավելի պատասխանատու ու վճռական է, քան՝ երբևէ։ Հետևաբար, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, այլապես այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար:


7. Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել:


8. Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժեքների ու նպատակների շուրջ միասնականությունը կարևոր է, իսկ, ինչպես նշեցի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինի արցախահայության կամքն ու նպատակները:


Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր