Իսկական պարտությունը հիմա է սկսում, երբ ասում են՝ մի վախեցիր թուրքիո հող ոտք դնելուց, քեզ այնտեղ ոչ թե Բայրաքթարով, այլ ծաղկեփնջով են դիմավորելու

Իսկական պարտությունը հիմա է սկսում, երբ ներսից են քեզ ստիպում կզել: Երբ քեզ խրախուսում են ու ասում են՝ ոտքդ դիր Թուրքիո սրբազան հողին, մի վախեցիր, մի՛ խորշիր, քեզ այնտեղ ոչ թե Բայրաքթարով, այլ ծաղկեփնջով են դիմավորելու: Նրանք բարի են շատ, ու մարդասեր: Նրանք քաղաքակիրթ են ու ոչ քեզ նման այլաֆոբ: Նրանք քաղաքակիրթ են, իսկ դու բռի, դու մանկապարտեզում երեխային հող ես կերցնում, դու Կապանում եզդուն ես ճնշում, իսկ նրանք այնքան են քաղաքակիրթ, որ մինչև հիմա քո երկրում բազմաթիվ գույքերի տեր են եղել, իսկ դու դրա մասին նոր ես իմանում: Նրանք այնքան քաղաքակիրթ են, որ դու նրանց մասին չես էլ իմացել: Նրանք քեզ իրենց ներկայությունը զգացնել չեն տվել:
Դե ինչ, հուսամ հասկանում ես, թե վերջին օրերին ինչու է հայկական մամուլը ակտիվ կերպով քարոզում քո այլաֆոբ լինելը, այլ ազգերի նկատմամբ անհանդուրժող լինելդ, ու ինքդ միայն քեզ սիրելդ: Հոգեբանության մեջ հայտնի երևույթ է, որ երբ մարդուն կամ երեխային անընդհատ ասում են, ու ներշնչում, որ նա վատն է, նա բարդույթավորվում է, խեղճանում ու ինքն իր նկատմաբ թերարժեքությամբ լցվում: Հիմա քեզ թերարժեքության բարդույթով են լցնում, որ խեղճանաս ու չնդվզես Բայրաքթարի դեմ, որ հասկանաս՝ ծրագրված է, որ դու Թուրքիո սրբազան բայրաքթարների երկիր ոտք դնես: Մինչդեռ Եռաբլուրի հողը տաքությունից ու ցավից տնքում է: Տնքում»:
Աղբյուրը` Սյուզաննա Սիմոնյան