ՌԴ-ն Ուկրաինայից դիվանագետների մասնակի տարհանում է անում՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գործողությունների հետ կապված
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայում ՌԴ դիվանագիտական առաքելության ոչ հիմնական անձնակազմին խորհուրդ է տալիս որոշ ժամանակով լքել երկիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում Ուկրաինայից դիվանագետների մասնակի տարհանում՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համանման գործողությունների հետ կապված։
«Մենք ինքներս արդեն մտածել ենք, որ գուցե հենց անգլո-սաքսոններն են ինչ-որ բան նախապատրաստում, եթե տարհանում են իրենց աշխատակիցներին [Ուկրաինայից]։ Մենք նաեւ նայեցինք նրանց գործողություններին եւ, հավանաբար, եւս խորհուրդ կտանք մեր դիվանագիտական հաստատությունների ոչ հիմնական անձնակազմին որոշ ժամանակով տուն վերադառնալ»,- ասել է Լավրովը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Արեւմտյան երկրների դեսպանատան աշխատակիցների եւ նրանց ընտանիքների մասնակի տարհանումն Ուկրաինայից սկսվել է հունվարին՝ Ռուսաստանի դեմ ներխուժման նախապատրաստման մեղադրանքների ֆոնին: Հունվարի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը դեսպանատան աշխատակիցների մի մասին թույլատրեց լքել Ուկրաինան։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց։ Կանադան եւս որոշել է հետ կանչել դեսպանատան շարքային աշխատակիցներին, դիվանագետների ընտանիքների տարհանում են իրականացնում Ավստրալիան եւ Գերմանիան։ Չնայած մասնակի տարհանմանը, դեսպանատներն աշխատում են բնականոն ռեժիմով։