Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

11 փետ 2022 13:03

Հրամանատարի տեղակալը սեփական կյանքը փրկելու նպատակով փախել է կրակային դիրքից.զոհվել է 20 զինծառայող

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Դատախազությունից  հայտնում են, որ մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ.Գ.-ն, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն: 2020թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելու  անգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից: Այդ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող:

Զորամասի Դ-20 ՀԴն  շտաբի պետ, մայոր Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝  ըստ էության քննության համար:

Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ զինվորական դատախազության պատշաճ դատավարական հսկողության և հատուկ հետևողականության պայմաններում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով՝ նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր