Մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստը, ձայն ուզեցինք, մեզ ձայն չտվեց, շատ վիրավորական է
Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում ադրբեջանցիներին մեկ նիստ վարելու հնարավորություն է տրվել։ Համալիրի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին և լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով նույնպես ներկա է եկել նիստին։
«Ադրբեջանցիներին այնտեղ տրվեց մի նիստ վարելու հնարավորություն, որտեղ իրենց թույլ տվեցին արտահայտություն։ Ես և Մամիջանյան Հայկը ձայն ուզեցինք, մեզ ձայն չտվեց։
Նույնիսկ դա է շատ վիրավորական, որ մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստը և մեզ ձայն չի տալիս, որպեսզի կարողանանք պատասխանել»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, քաղաքացիներ, զոհված զինծառայողների հարազատներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։