Դոնեցկում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել ուկրաինական զորքերի գնդակոծությունից հետո
Դոնեցկում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել ուկրաինական զորքերի գնդակոծությունից հետո։ Հանքերը հոսանքազրկվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ էներգետիկայի նախարարությանը։
«Մարտի 19-ին Ուկրաինայի զինված խմբավորումների հերթական գնդակոծությունների հետևանքով ժամը 12:40-ին Չելյուսկինցևի անվան հանքը (բացառությամբ գլխավոր օդորակիչի) ու «Դոնեցկի ածխային էներգետիկ ընկերության» Սկոչինսկի անվան հանքի երկրորդ արևմտյան օդափոխիչ խողովակը հոսանքազրկվել են», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Չելուսկինցևի անվան հանքում 47 մարդ է գտնվում, իսկ Սկոչինսկու անվան հանքում՝ 85:
ԴԺՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով ևս 18 հանքափորներ շրջափակման մեջ են հայտնվել ԴԺՀ-ի «Հանք 4-21» հանքահորում, փրկարարները փորձում են դուրս բերել նրանց։
«Շուտով փրկարարները կմիացնեն գեներատորը, որպեսզի դուրս բերեն հանքափորներին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: