Կիրառվել են «Բայրաքթարներ»,խոցել են ՊԲ որոշ դիրքեր,մեր առաջնահերթ հարցերն ուղղված են ռուս գործընկերներին, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր

Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարեց Աղաջանյանը։
Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։
«Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասաց Աղաջանյանը։
Նա նշեց նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։
«Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։