ՌԴ-ից ակնկալում ենք գործնական արդյունք՝ փարատելու հանրության որոշ կասկածները, թե ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածություններ կան
![](https://infoport.am/uploads/posts/98b84b25b66a14a7efdcf543f3a30a83.jpg)
Մարտի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Առնվազն սպառված չի ՌԴ խաղաղապահների արդիականությունը վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում: Եվ, կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորվածությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում` ՌԴ խաղաղապահները»,- ասաց Աղաջանյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը որևէ ազդեցություն գործնականում չի ունենում, Աղաջանյանն ասաց, որ , առնվազն սոցիալական ցանցերին հետևելով, տպավորություն ունի, որ հանրության բավականին լայն շերտերի մոտ որոշ կասկածներ կան այդ գործընթացների հետ կապված:
«Այդ թվում նաև կան հարցեր և հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց ,կարծում եմ, որ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր և այս լարվածությունը կնվազի: Դրա արդյունքում ,կարծում եմ, որ մեր հանրության ընկալումները կփոխվեն և նշվածս կասկածները կամ մտավախությունները կփարատվեն»,- ընդգծեց Աղաջանյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի կարծում, որ ՌԴ գործընկերների հետ այս համատեքստում հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված են և գործնականում աշխատանքները շարունակվում են:
«Ուզում եմ արձանագրել, որ պաշտպանության ոլորտի գերատեսչությունների ղեկավարները միմյանց հետ մշտական կապի մեջ են: Դուք տեղյակ եք, որ երեկ ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներն են կապի մեջ եղել: Այսինքն` գործնականում աշխատանքները ընթանում են և շարունակվում են, բայց ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ակնկալում եմ քաղաքական արդյունք և կոնկրետ գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը գործնականում, որով այսուհետ կբացառվեն վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում նմանատիպ սադրանքները»,- եզրափակեց Աղաջանյանը: