Ոչ մի նիստ, մեկնում ենք Արցախ. Ընդդիմությունը Արցախի դրոշները տեղադրեցին սեղաններին ու դուրս եկան

«Հայաստան» եւ Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որից այն կողմ որեւէ իշխանություն իրավունք չունի քայլ անել: Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տրածքային ամբողջականությունը, սուվերենությունը: Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ: վերջին զարգացումները հաստատում են այն մտահգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա պառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը:
Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդի նախապատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման: Իրավիճակին ոչ համարժեք է իրեն դրսեւորում խորհրդարանական մեծամասնությունը, որը մեր իրական օրակարգերն ԱԺ-ում առաջնահերթորեն քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է Արցախին: Կցված լինելով գործադիր իշխանությանը, ապաքաղաքական է դարձնում երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանը:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ: