Այստեղ դավադրության խնդիր կա.մեզ մոտ լուրջ խնդիրներ են առաջանալու դրանց հետ կապված

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ մասնագետների հետ պարբերական զրույցների ժամանակ կարծիքներ են հնչում, որ այս պահին ջրառի չափաքանակը չպետք է անցնի 56 մլն խմ-ը: «Երբ ամենասկզբում հանձնաժողովը համաձայնություն էր տվել 170 մլն խմ ջրառի չափաքանակին, սա մեր զարմանքն առաջացրեց: Իմ բնապահպան գործընկերները սկսեցին գրել, որ պարզվում է՝ պաշտոնական տեղեկատվության մեջ գրվում է, որ ջրամբարներում ջուր չկա: Սա շատ տարօրինակ ու անհասկանալի վիճակ է: Ինչպե՞ս է ստացվել, որ բավականին ձնառատ ձմռան ու գարնանային այս անձրևոտ եղանակների պարագայում ջրամբարները դատարկ են:
Կարծես թե, կա մի բան, որ մենք չգիտենք, և դա շատ մութ անկյունում է պահված: Այսինքն, մեր ջրամբարների վիճակն այնքան վա՞տ է, որ դրանք ջուր չեն պահում, թե՞ ջուրն օգտագործվում է մեկ այլ նպատակով, ինչի մասին չեն բարձրաձայնում»,-ասում է Ադամյանը: Շեշտում է՝ երբ քաղաքացիներին ու մասնագիտական հանրույթին չեն տրվում հստակ պատասխաններ, հարցերն ավելի են շատանում: Այս համատեքստում հետաքրքիր են այն ահազանգերը, որոնք, ըստ Ադամյանի, ստացվել են գյուղացիներից: «Զանգահարում են մեր գործընկերներին և դժգոհում, որ իրենց կարտոֆիլը մնացել է ջրի տակ, գյուղատնտեսական դաշտերը ջրախեղդ են եղել»,-նշում է մեր զրուցակիցը և հարց ուղղում Սևանա լճի պահպանության հանձնաժողովին և շրջակա միջավայրի նախարարությանը.«Դե, բացատրեք, թե ինչո՞ւ եք նման որոշումներ կայացնում, լավ, այս խայտառակությունը մեր երկրում մինչև ե՞րբ պետք է շարունակվի»:
Ադամյանն ասում է՝ այստեղ դավադրության խնդիր է տեսնում, չի ուզում քաղաքականացնել սա, բայց ամենը տանում է դրան, իսկ գուցե նպատակը գյուղատնտեսական դաշտերին վնաս տա՞լն է: «Խելամիտ պատասխաններ չենք ստանում մեր հարցերին, ինչ-որ թվեր են ներկայացնում նույն ջրամբարների մասով, եզրակացություն էլ անում, թե դրանցում ջուր չկա»,-ընդգծում է բնապահպանը:
Նրա կարծիքով՝ այս պայմաններում, երբ կանգնած ենք ջրի առատության խնդրի առաջ, որոշում են Սևանա լճից նման մեծ քանակությամբ ջուր բաց թողնել, հարց՝ ո՞րն է տրամաբանությունը: Նման իրավիճակում նրան անհանգստացնում է, որ ոլորտի մասնագետներն ուղղակի լռում են:
«Լավ, մեր երկրում չկա՞ն մասնագետներ, որոնք հստակ պատկերացում ունենան, թե կլիմայական այս պայմաններում ջուրն ինչ քանակությամբ, որ ամիսներին պետք է բաց թողնել, հո ուղղակի ծորակ չէ, որ բացես, ջուրը հոսի, հետո փակես: Եվ դա կոչվում է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով, և իրենք իրենց մասնագետ են համարում: Ցրեք այդ հանձնաժողովը»,-ասում է բնապահպանը:
Հիշեցնում է կլիմայական փոփոխությունների մասին, նշում՝ մեզ մոտ լուրջ խնդիրներ են առաջանալու դրանց հետ կապված: «Մասնագետներն ահազանգում են այն մասին, որ Եվրոպայի արևել յան և արևմտյան հատվածներում ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում և տեղումների մեծ քանակություն: Նման իրավիճակում ի՞նչ ենք անում մենք: Կլիմայական այս փոփոխությունների շրջանակում չենք կարողանում մեր ունեցածը պահել, ճիշտ հետևություններ անել, ջրի բացթողման ճիշտ գրաֆիկներ կազմել, խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Մարդիկ իրենց տեղում չեն, իսկ մասնագետների մասով էլ տպավորություն է, որ իրենք շատ հանգիստ հարմարվում են բոլոր ժամանակների կառավարություններին:
Հիմա իրենք հարմարվել են Փաշինյանի կառավարությանը և անում են այն, ինչ իրենց թելադրվում է: Հետո ուզում են լուծել Սևանա լճի խնդիրները: Ինչպե՞ս: Տարիներ առաջ ահազանգում էինք, որ լճից չի կարելի այսքան ջուր բաց թողնել, որովհետև կլիմայական լուրջ փոփոխություններ են սպասվում, և հնարավոր է, որ լիճը ծաղկի: Մեզ պատասխանում էին՝ դուք չափազանցնում եք, մասնագետ չեք, նման բան հնարավոր է, ասենք, հիսուն տարի հետո լինի: Մեր այս ահազանգերից հինգ տարի էլ չանցավ, իրականություն դարձավ այն, ինչի մասին ասում էինք: Բարդ իրավիճակում ենք հայտնվելու, կլիմայական փոփոխությունները, որոնք մեզ սպասվում են հետագայում, անդրադառնալու են գյուղատնտեսության, մարդկանց ապրելակերպի վրա: Հիմա էլ մեր բնական ռեսուրսներն այնպես ենք վատնում, որ հետո ամեն ինչ ուղղակի անկառավարելի կդառնա»,-եզրափակում է Ադամյանը և ընդգծում՝ այս ողջ ինֆորմացիան առաջին հերթին հանրության համար է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն, թե ինչ է կատարվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում