Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում. Վարդան Ոսկանյանն իր հետ Թեհրանում պատահածի մասին
Թեհրանի հյուրանոցներից մեկում վերելակով իջնում եմ նախաճաշելու։ Ես եմ և ևս հինգ անծանոթ մարդ, լուռ իջնում ենք։ Մեկ էլ դիմացիս կանգնած փողկապավորը ռուսերենով ասում է՝ «Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենքյ, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում»։
Զարմացա, թե որտեղի՞ց է հասկացել, որ հայ եմ, բայց պատասխանեցի՝ «Ինչո՞ւ պետք է վախենամ»։ Դիմացինս քմծիծաղով՝ «Ադրբեջանի դեսպանատնից եմ, Ձեզ լավ ճանաչում եմ և կարդում Ձեր գրածները»։ Ոչ պակաս քմծիծաղով հակադարձում եմ՝ «Ձեր մասին գրածների՞ցս է երևում, որ վախենում եմ»։ Մի պահ պապանձվում է, չգիտե՝ ի՞նչ ասել։
Վերելակը հասնում է, դռները բացվում են, իջնում եմ։ Բայց դեռ մի բան կիսատ է կարծես։ Պտտվում եմ դեպի սրանք՝ «Եկե՛ք նախաճաշենք, հրավիրում եմ»։ Իրար խառնված, միանգամից մի քանիսը պատասխանում են՝ «Չէ՛, չէ՛»։ Այ, հիմա շրխկացնելու ժամանակն է՝ «Վախենո՞ւմ եք»։ Դասականը կասեր՝ վարագույր, բայց այդ կոնկրետ պահին՝ փակվում են վերելակի դռները։
#կարդացողները
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուք էջից