Հայերը դեմ էին, բայց ի վերջո համաձայնեցին, մենք միշտ հասել ենք մեր ուզածին, կտրամադրեն «Զանգեզուրի միջանցքի» երթուղին

Այս մասին օգոստոսի 12-ին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Որովհետև պատերազմի ավարտից անմիջապես հետո ասացի, որ մեզ խաղաղություն է պետք։ Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Առայժմ մենք դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ կստանանք։ Պետք է ստեղծել սահմանազատման հանձնաժողով։ Դեմ էին, բայց ի վերջո համաձայնեցին։ Մեզ պետք է «Զանգեզուրի միջանցքը», դեմ էին նաև դրան: Հիմա՝ առաջիկա շաբաթներին, սպասում ենք, որ «Զանգեզուրի միջանցքի» երթուղին կտրամադրեն։ Ղարաբաղում ապրող հայերն էլ տեսան, որ Ադրբեջանից կարող են միայն օգուտ քաղել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ լավատեսորեն է նայում ապագային։
«Մենք միշտ հասել ենք մեր ուզածին։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում լինի, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի Ադրբեջանը հաջողությամբ զարգանա, և մեր ժողովուրդը լավ ապրի»,- հայտարարել է Ալիևը։