Շոյգուն խոստովանել է, որ Ռուսաստանը գիտակցաբար դանդաղեցնում է Ուկրաինայում հարձակման տեմպերը

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության ժամանակ ռուս զինվորականները խստորեն պահպանում են մարդասիրական իրավունքի նորմերը։ Հարվածներն իրականացվում են գերճշգրիտ զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ օդանավակայանների, հրամանատարական կետերի, ամրացված տարածքների, ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների և պահեստների ուղղությամբ։
Միաժամանակ, Շոյգուի պնդմամբ, ամեն ինչ արվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։
«Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց մենք դրան գնում ենք գիտակցաբար»,- ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ պլանի, բոլոր խնդիրները կկատարվեն, դրա անհրաժեշտությունը թելադրված է Կիևի կողմից Դոնբասի բնակիչներին, նաև Ռուսաստանին ուղղված իրական սպառնալիքներով: