Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Թաղավարդը երեկ ծխի մեջ էր․ վառում էին հայերի տները

«Ժամը մոտավորապես 14։30 էր, որ նկատեցինք ծուխ է բարձրանում գյուղի վերևի մասից, որը ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մեկ էլ տեսնենք՝ տներն են վառվում․ մեկի մարագն էր, մյուսի այգին, մեկ ուրիշի տունը։ Կանգնած նայում էինք, թե ոնց են կրակ տալիս մեր տները․․․ Առնվազն 8-10 տուն վառել են։ Երևի դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) տեսան, որ ժողովուրդը հավաքվել, նայում էր էդ կողմ, մի քիչ հետո մի հատ հրշեջ մեքենա եկավ կանգնեց, բայց բացարձակապես ոչինչ չարեցին, անգամ ձևի համար էդ «շլանգը» մեկը ձեռքը չվերցրեց»,-ասում է Բադասյանը։
Մեր զրուցակիցը, ում տունը ևս գյուղի՝ թշնամու հսկողության տակ անցած հատվածում է, խոստովանում է՝ պատերազմից հետո ամենացնցողը, ցավեցնողը երեկվա տեսարանն էր, երբ աչքիդ առաջ ամբողջ կյանքիդ ընթացքում ստեղծածը թուրքը վառում է, հողին հավասարեցնում, իսկ դու ոչինչ անել չես կարողանում․․․․