Հայաստանում պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն, իսկ պարգեւավճարները՝ կկրճատվեն

Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ բոլոր գերատեսչություններում պարգեւավճարների ֆոնդը մինչեւ 2019 թվականը կազմել է աշխատավարձի ֆոնդի մոտ 10 տոկոսը։ Ընդ որում, 2019 թվականին այս 10 %-ին ավելացրել են եւս 20 տոկոս։ Այսպիսով, կառավարությունը ցանկանում է պարգեւավճարների ֆոնդը 30 տոկոսից իջեցնել 16 տոկոսի։ «Թե ինչ սկզբունքով են բաշխվելու պարգեւները, կորոշվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,- ասաց Խաչատրյանը։
Սակայն, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չկա։ Հայտնի է միայն, որ բազային դրույքաչափը, որով հաշվարկվում են պաշտոնյաների աշխատավարձերը՝ կախված պաշտոնից եւ ստաժից, 66 140-ից կբարձրացվի մինչեւ 82 000 դրամ։ Աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի նաեւ պարգեւավճարների ֆոնդի մի մասը։
«Ընդհանուր առմամբ 2023 թվականին պետական ծառայողների աշխատավարձերի ֆոնդը կավելացվի 21 մլրդ դրամով։ Այսինքն՝ 7-8 տոկոսով»,- պարզաբանեց նախարարը։