Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 դեկ 2022 11:10

Տեսանյութ.Միջադեպերով կարող են մի օր էլ հասնել այնտեղ, որ առաջարկեն ռուս խաղաղապահների հետ համատեղ հսկել, և այսպես կամաց-կամաց Ադրբեջանը կարող է Արցախը կտրել

«Թուրքերի հիմնական նպատակը թուրքախոս ամբողջ աշխարհը միավորելն է: Ժամանակաշրջանը բարենպաստ է իրենց համար. աշխարհի նոր բաժանում է տեղի ունենում, և իրենք նպատակաուղղված փորձում են իրենց խնդիրները լուծել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:


Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններն էլ վերոնշյալ համատեքստում պետք է դիտարկել. «Վերջին զորավարժություններում հստակ երևում է երկու գործոն՝ զորավարժությունների անցկացման վայրերը, որոնք հստակ հուշում են, որ դրանք Իրանի հետ են կապված, նաև մեզ համար են վտանգ ներկայացնում այս զորավարժությունները: Թուրքերը, օգտվելով այս իրավիճակից, փորձելու են առավելագույնը քաղել՝ տարածքներ յուրացնելու ճանապարհով»:


Հարցին՝ հաշվի առնելով նաև Իրանում առկա լարված իրավիճակը՝ հնարավո՞ր է թուրք-ադրբեջանական տանդեմի Հայաստանի վրա հարձակումով՝ փորձեն Իրանին ներքաշել պատերազմի մեջ, թե՞ նման ռիսկի չեն գնա, նա պատասխանեց. «Իրանի այսօրվա ներքին հարցերը արտաքին ծագում ունեն: Իրանը բազմազգ է, բայց դա չի խանգարել, որ այդ երկրում լինի միասնական մտածողություն: Հիմա, կարծես, ազգային հարցեր են բարձրացվում և փորձում են պառակտել այդ դաշտում: Բացահայտ զգացվում է արտաքին ծագումը, հատկապես թուրքական գործոնը: Իսրայելի աջակցությունն Ադրբեջանին ևս այս համատեքստում է: Եթե այդ ազդակը լինի՝ որպես գործիք ծառայելու են Ադրբեջանն ու Թուրքիան: Մենք էլ պետք է մտահոգվենք, քանի որ նրանք կարող են նախատեսել նվազագույն և առավելագույն արդյունք, այսինքն՝ նվազագույնը՝ Հայաստանի հաշվին, առավելագույնը՝ Իրանի»:


Սյունիքով միջանցքի գոյությունը, ըստ նրա, ձեռնտու չէ Իրանին և Ռուսաստանին. «Ռուսաստանը շահագրգռված չէ այդ հարցում, բայց եթե չկարողանա այդ գործընթացների վրա ազդել, ամեն դեպքում, այդ միջանցքը եթե լինի, իր ազդեցության տակ լինի: Իսկ Իրանը բացահայտ հայտարարել է, որ իր համար կոնկրետ Սյունիքի տարածքը կարմիր գիծ է, և ինքը չի հանդուրժի դա, այսինքն՝ հասկացրեց, որ նաև ռազմական առումով կմիջամտի, եթե հանկարծ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձի ներխուժել Սյունիք: Այսինքն՝ արդեն ներխուժած են Սյունիքի տարածք, բայց միջանցք չի ձևավորվել: Մյուս կողմից՝ հաշվի առնելով Իրանի ներքին գործընթացները, կարող են հենց այդ պահն օգտագործել, որ Իրանը չկարողանա ազդել, և փորձեն այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծել»:


Անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի սադրանքներին, նա հետևյալն ասաց. «Քանի որ Հայաստանն այլևս ազգերի ինքնորոշման իրավունքը չի խաղարկում միջազգային հարթակում, սա Ադրբեջանը կարող է ընկալել՝ որպես Հայաստանի կողմից Արցախից ձեռք քաշելու գործընթաց, և դա դիտել՝ որպես իր ներքին խնդիր: Այսպիսի միջադեպերով կարող են մի օր էլ հասնել այնտեղ, որ առաջարկեն ռուս խաղաղապահների հետ համատեղ հսկել, և այսպես կամաց-կամաց կտրեն: Ադրբեջանը կարող է Արցախը կտրել. Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը»:


Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր