Ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ,մինչդեռ հեչ երջանիկ չէ Ռուսաստանը          Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն       Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու    

14 դեկ 2022 10:50

Մեծ վտանգ կա. Ադրբեջանը ցույց է տալիս, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար

Միջազգային հանրությունն ու վերլուծաբաններն անդրադառնում են ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառման միջոցով:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը», գրել է Փրայսը՝ շեշտելով՝ առաջ շարժման ճանապարհը բանակցությունների միջոցով է։

Իր հերթին, Բրյուսելում ընդգծել են, որ «լուրջ մտահոգությամբ» հետևում են այստեղ արդեն որոշ ժամանակ տեղի ունեցող զարգացումներին։ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին «ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այդ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ը կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին», նշված է հայտարարության տեքստում։

Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս կապակցությամբ իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ պաշտոնյաներն անհանգստացած են ստեղծված կացությամբ և ցանկանում են պահպանել բանակցային գործընթացը: Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանի ԵՄ միջնոդությամբ բանակցությունները որոշակի առաջընթաց արձանագրեցին, որի արդյունքում կողմերը հնչեցրեցին հայտարարություններ խաղաղ պայմանագրի մասին: Սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ, նշում է վերլուծաբանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանը, որն այսօր դոմինանտ դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար»: Դե Վաալի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, այլ ոչ թե նոր պատերազմ սկսել, սակայն հայկական կողմը չի կարող գնալ այն զիջումներին, որոնք նա ցանկանում է տեսնել: Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին, զգուշացնում է դե Վաալը։

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ձախողման արդյունք է:

«Ավելի լայն տեսանկյունից դա երկկողմ շարունակական շփումների ձախողման արդյունք է, որոնք հուսով էինք, որ այս աշնան սկզբին որոշակի արդյունքներ կսկսեին տալ»,- պնդում է նա:

Կազլյարիչի կարծիքով՝ Ռուսաստանը, որն այսօր ներխուժել է Ուկրաինա, ի վիճակի չէ չեզոք խաղաղապահ գործունեություն ծավալել: Արդյունավետ խաղաղապահ գործունեության համար, ըստ նախկին դեսպանի, բավարար չէ նաև այստեղ առկա զորամիավորման թվաքանակը:

«Ես չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր միայն ռուսական խաղաղապահների ուժերի միջոցով անել այն ամենը, ինչը կբավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- նշում է Կազլյարիչը:

Նախկին դեսպանի պնդմամբ՝ այսօր Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալի չափով թուլացած են, իսկ վարկանիշը՝ ցածր՝ կապված այն ամենի հետ, ինչը Մոսկվան անում է Ուկրաինայում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության պահպանումը, որը Մոսկվան կարող է վերահսկել, Ռուսաստանի միակ շահն է: Կարծում եմ՝ ռուսական կողմը հետաքրքված չէ կայունությամբ՝ խաղաղություն հաստատելու իմաստով։ Նրանց շահն է զերծ պահել կողմերին առճակատման վերսկսումից, որքան հնարավոր է»,- ընդգծում է Կազլյարիչը:

Հայաստանցի վերլուծաբան Հովսեփ Խուրշադյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն ու ռուս խաղաղապահները գործում են համաձայնեցված.

«Նրանք գործում են փոխհամաձայնեցված Ադրբեջանի հետ, քանի որ նրանց երկուսի նպատակն է վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանը վերածել ռուսական մեկ բազայի, որը կբերի Հայաստանի պետականության կործանմանն ու Հայաստանը զոհասեղանին դնելուն, այդ թվում Ռուսաստանի մղվող տարբեր պատերազմներում»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ Երևանը օր առաջ պետք է պահանջի միջազգային խաղաղապահների տեղաբաշխում Լեռնային Ղարաբաղում:

«Քանի դեռ այնտեղ չկան հստակ մանդատով ձևակերպված խաղաղապահ ուժեր, որևէ երկարատև կայունության և անվտանգության մասին Արցախի բնակչության համար խոսելն ավելորդ է»,- շեշտում է Խուրշուդյանը:

Այս առումով վերլուծաբան Թոմաս դե Վաալն էլ գտնում է, որ խնդիրը նրանում է, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի իրականացման հիմնական բեռը շարունակում է մնալ Մոսկվայի ուսերին այն դեպքում, երբ այն չի կարողանում հաջողությամբ իրականացնել այն, ուկրաինական պատերազմի պատճառով: «Ռուսաստանի նկատմամբ վստահությունը մեծ չէ Հայաստանում կամ Ադրբեջանում, և զրոյական է միջազգային հանրության շրջանում», գրում է դե Վաալը թվիթերյան իր գրառման մեջ՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները չունեն որևէ համաձայնեցված մանդատ՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Դրա հետ մեկտեղ, ըստ վերլուծաբանի, ԼՂ հայության համար ռուս խաղաղապահները դիտարկվում են «որպես իրենց գլխավոր պաշտպան», որն է՛լ ավելի է մեծացնում նրանց նկատմամբ անվստահությունը Բաքվի կողմից, նկատում է դե Վաալը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր