Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

03 հուն 2023 16:55

Եթե հատուկ գործողությամբ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում հարցը չլուծվի, ապա...

Նորություն չեմ ասի, բոլորն ունեն այդ ախտորոշումը, իրականության հետ առերեսման սուր զգացումը․ վերադարձել ենք նախկին գոյավիճակին՝ 1992 թվականի վիճակին, երբ Արցախը շրջափակված էր և խեղդամահության նախաշեմին էր։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ոսոխը՝ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ պատերազմական արարքով մարդկության դեմ հանցագործության ընթացքում է։ Հայաստանը, կորցնելով հազարավոր ոսկե հայորդիներ և հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, այսօր ևս պատերազմի նախաշեմին է։ Այն մարդիկ, ովքեր խաղաղության երաշխավոր են՝ թե՛ օտարներ, թե՛ Հայաստանի իշխանավորներ, այդ հարցը չեն լուծել։ Մենք՝ իշխանությունը, ընդդիմությունը, նաև՝ հասարակությունը, հավաք չենք և թույլ ենք տվել այս իրավիճակը։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարող ենք ակնկալել ոչ թե խաղաղություն, այդ խոստումը պատրանք է եղել, այլ հնարավոր է հերթական կորուստներմ ու զիջումներն ունենանք, եթե այսպես շարունակենք, եթե մնանք այս իշխանությամբ, այս ընդդիմությամբ ու այս հասարակությամբ, և մենք մեր մեջ չփոխենք այս իրավիճակը»,- նշել է Հովհաննիսյանը։

Դիտարկմանը՝ թե «Անքարտեզ Հայաստան» գլխագրով տեքստում Հովհաննիսյանը պատասխանատուների շարքում, բացի իշխանությունից, նաև ընդդիմության և հասարակության մասին է նշել, քաղաքական գործիչը, պատասխանել է․

«Մի հարցազրույցի միջոցով չէ, որ կարող ենք այս հարցի լուծումը տալ, և սա մի քաղաքացու մաղթանք չէ, սա հրաշքի հարթության մեջ է, հայկական հրաշքն անհրաժեշտ է։ Գործող իշխանությունն ինքն իրեն պետք է հաղթահարի, պետք է ընդունի, որ չի կարողացել իրացնել իր պարտականությունը և պետք է ինքնահեռացման բանաձև գտնի ու այդպես ինքնամաքրվի։ Նախկին իշխանությունը, որը ևս պատասխանատվություն է կրում, նույնպես պետք է ոչ թե ներողություն խնդրի, այլ իր էական սխալներն ընդունելով՝ ինքնամաքրվի։ Մենք պետք է նոր ձևաչափերով, նոր մարդկանցով ու նոր գաղափարներով քաղաքական վերնախավ ունենանք, հասարակությունը համախմբվի, կայացվեն քաղաքական որոշումներ, այլապես, եթե այսպես շարունակվի․․․ Մենք ունենք շրջափակված Արցախ, պատերազմի եզրին գտնվող Ջերմուկ, հակառակորդի հսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքի ճանապարհներ և անվտանգության երաշխավորներ՝ թե՛ դաշնակիցներ, թե՛ միջնորդներ, և թե՛ ՀՀ իշխանություններ, որոնք այդ գործը չեն անում, և եթե հատուկ գործողությամբ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում այդ հարցը չլուծվի, մենք ազգաոչնչացման հաջորդ արարի ականատեսը կլինենք»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հավելել է, որ չի ցանկանում ռազմական գործողության գնալ․

«Չեմ ուզում, որ հասնենք դրան, բայց կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը, որին վերջերս շատ ենք դիմում՝ որպես հայցվոր, չգտնի ճնշման միջոցը, միջազգային գործողությունը, ապա հատուկ գործողություն պետք է իրականացվի, բայց ես չգիտեմ՝ մենք ունե՞նք այդ ներուժը, մնացե՞լ է, արդյոք, թեկուզ մեկ դաշնակից, որ կարող է այդ հարցը Հայաստանի հետ միասին լուծել։ 1992-ին կային միջազգային դերակատարներ, որոնց շահերի հետ համընկնում էր ՀՀ պետական շահը»։

Անդրադառնալով ՌԴ-ի վարքին, Հովհաննիսյանն ընդգծել է՝ առաջին հերթին, հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության պատասխանատուն մենք ենք․

«Եվ նրանք, ովքեր կիսում են մեր անվտանգության այդ պարտականությունը թե՛ պատմականորեն, թե՛ պայմանագրով, իհարկե, թերացել են։ ՌԴ-ն, որպես դաշնակից, պետք է իր բարձրության վրա լիներ։ Իսկ Միութենական պետության անդամ լինելու հեռանկարը նախ պետք է բացառել, երկրորդ՝ պետք է հստակեցնել, թե կոնկրետ որտեղի՞ց է այդ պարտադրանքը եղել, եթե ոչ, ապա սա արտացոլանք է այս իշխանության պատրվակային քաղաքականության, որ ամեն ինչի պարտավորությունը գցում է մեկ ուրիշի՝ նախկինների, օտարների վրա։ Եթե Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակվի, և մեր հայրենակիցները մարդասիրական արհավիրքի մեջ գտնվեն, պատասխանատվություն են կրում թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ ՌԴ խաղաղապահները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր