Ամեն վիրակապությունից հետո ցավազրկում, քնեցնում ենք. Բաբայանը՝ հրդեհից տուժած զինծառայողների վիճակի մասին

«Երկու զինծառայողները դեռ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում, շատ մեծ փոփոխություններ չկան, բայց փոքր դրական դինամիկա կա: Ամեն վիրակապությունից հետո իրենց ցավազրկում, քնեցնում ենք, քնի ժամանակ չեն շփվում, այնուհետև ադեկվատ են»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ զինծառայողները, երբ արթուն են, կարողանում են բուժանձնակազմի և ծնողների հետ հաղորդակցվել: Տեսակցությունները, ինչպես բոլոր հիվանդների դեպքում, որոշակի ժամերի են նախատեսված:
«Վերակենդանացման բաժանմունքում բացի իրենցից ևս երկու ծանր հիվանդներ կան, ժամ կա, որ ծնողները գան, տեսնեն իրենց երեխաներին: Շաբաթվա վերջում պարզ կլինի՝ տղաներին կտեղափոխենք հիվանդասենյակ, թե ոչ: Այս դինամիկայով գուցե և լավ լինի»,- հավելեց կենտրոնի փոխտնօրենը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, եւս 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Հունվարի 20-ին կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել ավտոբենզինի միջոցով վառարանը միացնելու հետեւանքով հրդեհի բռնկման վարկածը, ինչը հետագայում արտացոլվել է նաև ՔԿ տարածած հաղորդագրությամբ։
Դասակի հրամանատարը, սակայն, թյուրիմաց է գնահատել նշված վարկածը՝ նշելով, որ հունվարի 18-ի երեկոյան ինքը կացարանում բենզին չի տեսել, մեկ այլ զինվորական հայտնել է, որ վառարանը միացնում են առավոտյան ու բացառել գիշերվա կեսին, երբ արդեն քնում են, առավել եւս բենզինով թեժացնելը։