Սինխրոնացված վարքագիծ.Միայնակ ու անպաշտպան թողնել Արցախին գայլերի ոհմակի առաջ, նշանակում է՝ կրկնակի, եռակի դավաճանություն գործել

Նրա խոսքով՝ Ալիևն ու Փաշինյանը գործում են համագործակցված. Հայաստանի գործող իշխանությունը փորձում է թե՛ հայ, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնել, որ հայ ժողովուրդը համակերպվել է այն դառը իրականության հետ, որ մենք կորցրել ենք Արցախը, կամ կորցրել ենք Հայաստանը կամ հայ ժողովրդին պաշտպանելու կարողությունը, Ալիևն էլ՝ աշխատում է Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդել։
«Մեկը՝ Հայաստանի ներսում իր իշխանությունը պահելուն ուղղված գործողություն է անում, մյուսը՝ Ալիևը, միջազգային հանրության և իր երկրի ներսում դիրքերն է ամրապնդում։ Սա իրար հետ սինխրոնացված վարքագիծ է, երկուսն էլ դեմ են հայ ժողովրդի ընդհանուր իրավունքներին, մեր ընդհանուր պատկերացումներին»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած «խայտառակությունն» արդեն իսկ Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու ոչ իրավաչափ, հանցագործ վարքագիծ էր Նիկոլ Փաշինյանի կողմից և հիմա, երբ Փաշինյանն ասում է, որ Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ, հարց է ծագում՝ ով էր Փաշինյանը, երբ ստորագրում էր Արցախի կապիտուլյացիան։
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ պետք է ստորագրի Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին, ո՞վ է, ի՞նչ իրավասություն ունի։ Հիմա, երբ ինքը ձեռքերը լվանում է, ասում է՝ թող Արցախը խոսի, հարց է առաջանում՝ բա ո՞վ էիր, որ այն ժամանակ, որ ստորագրում էիր դա, ով էիր, որ երկու կարևորագույն կյանքի ճանապարհներից մեկը հանձնում էիր, մյուսն էլ՝ փոխանցում էիր այլ մեխանիզմով»,- հավելեց պատգամավորը։
Մինասյանի կարծիքով՝ այս իրավիճակում միայնակ ու անպաշտպան թողնել Արցախին գայլային ոհմակների առաջ և հիմնավորել, որ Արցախը կամ արցախահայերը պետք է որոշեն՝ ինչպես շարժվել առաջ, նշանակում է՝ կրկնակի, եռակի դավաճանություն գործել։