ՄԱԿ-ի և այլ կառույցների բոլոր հիմար որոշումները ձախողվելու են. իզուր են ոգևորվել՝ ձեռք բարձրացնելով խոշոր միջուկային տերության վրա
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը։
Նրա կարծիքով՝ ՄՔԴ որոշումը կհանգեցնի «հրեշավոր հետևանքների միջազգային իրավունքի համար»։
«Խոստովանենք. այն նախկինում էլ առանձնապես արդյունավետ չի եղել: Հատկապես նրա միջազգային ինստիտուտները»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում:
«Պարզ է, որ ոչ մի գործնական արժեք չկա, բայց շնորհակալություն, որ հիշել եք: Իսկ ահա միջազգային իրավունքի համար հետևանքները կլինեն հրեշավոր: Չէ՞ որ սա հիմքերի, իրավունքի սկզբունքների փլուզումն է՝ ներառյալ պատասխանատվության անխուսափելիության պոստուլատները: Հիմա ոչ ոք չի գնում որևէ միջազգային մարմին, բոլորը համաձայնության են գալիս իրար հետ:
ՄԱԿ-ի և այլ կառույցների բոլոր հիմար որոշումները լինելու են ձախողման սպառնալիքի տակ: Սկսվում է միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի մռայլ մայրամուտ: Վստահությունը սպառվել է»,- ասել է Մեդվեդևը։
ՄՔԴ-ի գրեթե զրոյական հեղինակությունը «սպանվել է» դեռևս այն ժամանակ, երբ դատարանը ոչինչ չկարողացավ անել հետաքննելու համար ԱՄՆ-ի հանցագործությունները Աֆղանստանում և Իրաքում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Ամենավարկաբեկված դրվագը, որը սպանեց դատարանի՝ առանց այն էլ գրեթե զրոյական հեղինակությանը, կապված է Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի հանցագործությունների հետ։ Դատարանը ամբողջովին սպառվեց և ոչինչ չկարողացավ անել»,- գրել է նա։
Մեդվեդևի կարծիքով՝ «ՄՔԴ դատավորները իզուր են ոգևորվել»՝ ձեռք բարձրացնելով «խոշոր միջուկային տերության վրա»։
«Ավաղ, պարոնայք, բոլորը քայլում են Աստծու և հրթիռների ներքո: Միանգամայն հնարավոր է պատկերացնել Հյուսիսային ծովից ռուսական նավով հիպերձայնային «Օնիքսի» կետային կիրառումը Հաագայի դատարանի ուղղությամբ: Ավաղ, այն չի խոցվում: Եվ դատարանը միայն խղճուկ միջազգային կազմակերպություն է, ոչ թե ՆԱՏՕ-ի երկրների բնակչություն: Հետևաբար և պատերազմ չեն սկսի: Կվախենան: Եվ ոչ ոք չի կարեկցի»,- նշել է ԱԽ փոխնախագահը՝ դատավորներին կոչ անելով «ուշադիր նայել երկնքին»: