Տեսանյութ.Համոզված եղե՛ք, Մադրիդյան փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել, ճիշտ դիվանագիտության դեպքում մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել

«Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք, ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- նշել է Օսկանյանը։
Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։
Օսկանյանը շեշտել է, որ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա: Առաջինը, ըստ նախկին ԱԳ նախարարի այն է, որ դրանում նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։
«Երկրորդ, այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, և այդ փաստաթուղթը, չակերտներում ասված է՝ «հետայսու՝ խաղաղության պայմանագիր»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, որն այսօր խոսում է խաղաղության համաձայնության մասին, Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր։ Հենց այդպես էլ նշված է՝ «հետայսու խաղաղության համաձայնագիր […]»
Մանրամասները՝ տեսանյութում.