«Չմոռանանք՝ ընտրական գործընթացներ են այնտեղ». ԱԳ փոխնախարարը՝ «Նեմեսիս» հուշարձանի վերաբերյալ Թուրքիայի արձագանքի մասին

Այս մասին նա այսօր ասաց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանում «Նեմեսիս»-ի գործողությունների մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման վերաբերյալ Թուրքիայի արձագանքին։
Պարույր Հովհաննիսյանը նկատեց, որ Թուրքիայի դիրքորոշումը այս հարցին ծանոթ է, և ցավալի է, որ մինչև այսօր այդ հարցում չունենք ճիշտ մոտեցում, որը ակնկալվում է։
«Մյուս կողմից չմոռանանք, որ ընտարական գործընթացներ են Թուրքիայում և շատ հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից, ներքաղաքական առումով բարդ շրջան է այդ երկրում, գիտեք ինչքան էմոցիոնաալ են անցնում այդ ընտրությունները և պետք է մասամբ նաև այդ տեսանկյունից նայենք հարցին»,– ասաց նա:
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի «Նեմեսիս» հուշարձանը։
«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ»,- սպառնացել է Չավուշօղլուն։
Այս հարցին այսօր «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա շեշտել էր, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու Հայաստանի հարցերին։