Կործանման ճանապարհի կեսից ավելին արդեն անցել ենք. զանգվածային արտագաղթի հետևանքով ՀՀ-ն կթուլանա այն աստիճան, որ կկլանվի և կբաժանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև. Թուրքիան մնալու է մի տեսակ ստվերում

«1. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՕՐՀԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ
Անտեսվում է (լավագույն դեպքում` թերագնահատվում է) «լինե՞լ, թե՞ չլինելու» աշխարհաքաղաքական դրության ամբողջ օրհասականությունը, որի մեջ է գտնվում Հայաստանը հետխորհրդային ժամանակաշրջանում: Այլ կերպ ասած, անտեսվում է Հայաստանի ոչնչացման հավանականությունը, որը կարող է վրա հասնել Ադրբեջանի կողմից (Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ) բծախնդրորեն ծրագրվող ու հետևողականորեն նախապատրաստվող ներխուժման հնարավոր հաջողության արդյունքում: Միաժամանակ անտեսվում է այն, որ տարածքային զիջումների միջոցով Ադրբեջանի ու նրա թիկունքում կանգնած Թուրքիայի խաղաղեցումն անհնարին է:
Հայաստանը ոչնչացնելու նպատակը ադրբեջանցի ռազմավարագետները չեն թաքցնում անգամ, հայտարարելով նույնիսկ մոտավոր ժամկետներ (25-30 տարի), երբ, ըստ նրանց հաշվարկների, «աշխարհի քարտեզի վրա Հայաստան չի լինելու»: Այս մասին, մասնավորաբար, քանիցս արտահայտվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար գնդապետ Ռ. Մելիքովը։ Նման հայտարարություններ արել են պաշտպանության նախարար Ս. Աբիևը և պաշտոնատար այլ անձինք: Հիշենք, թե դիվանագիտական ինչպիսի հզոր հարձակում Թել-Ավիվը գործեց Թեհրանի դեմ` Իրանի նախագահի` Իսրայելի հանդեպ նման հայտարարություններից հետո: Դժբախտաբար, հայկական դիվանագիտությունը գրեթե չի հակազդում Բաքվից պարբերաբար հնչող նմանատիպ սպառնալիքներին:
Հայաստանը ոչնչացնելու ծրագիրը հույժ կարևորության գաղտնիք չէ, այն ներկայացնում է մարտավարական պարզագույն գործողություն` շախմատային «մատ երեք
քայլից» կոմբինացիայի նման մի բան։
Քայլ 1. ադրբեջանական նախահարձակում և Արցախի
ու ազատագրված տարածքների բռնազավթում։
Քայլ 2-րդ. դրան վաղ թե ուշ անխուսափելիորեն հետևելիք ներխուժումը Սյունիք` թյուրք երկու դաշնակիցներին տարանջատող արդեն միակ մնացած այդ միջնաբերդը (Հայաստանի կենտրոնական շրջանների հետ թույլ հաղորդակցությունները, արցախյան «պարսպի» և պաշտպանական խորության բացակայությունը, հրետանային կրակի ժամանակակից համակարգերի գործածումը, ինչպես նաև Արցախի անկման պատճառած հոգեբանական հարվածը կիջեցնեն Սյունիքի պաշտպանունակությունը գրեթե զրոյական մակարդակի) և Հայաստանի մնացյալ մասի առումը թուրք-ադրբեջանական օղակի մեջ` նրա վերածումը գետտոյի` յուրօրինակ անդրկովկասյան Սվազիլենդի։
Քայլ 3-րդ. Հայաստանի լիկվիդացիան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշման միջոցով: Զրկվելով կայուն զարգացման որևէ հեռանկարից ու կորցնելով աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի համար հավանական ապաստանի իր դերը` երկրաչափական պրոգրեսիայով աճած զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստանը կթուլանա այն աստիճան, որ կկլանվի և կբաժանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև:
Հայաստանի ոչնչացման թուրք-ադրբեջանական այս ծրագրի անմիջական իրականացումը դրված է Ադրբեջանի վրա: Իսկ Թուրքիան, ելնելով միջազգային արդի իրողություններից, մնալու է մի տեսակ ստվերում` ադրբեջանական նախահարձակման համար ապահովելով «թիկունքային աջակցություն»` օժանդակություն քարոզչության, դիվանագիտական լոբբինգի, ֆինանսական ու տեղեկատվական-հետախուզական բնագավառներում, ինչպես նաև զինվորական խորհրդականներով ու «կամավորներով»:
1990-ականների սկզբին հայությանը` հսկայական կորուստների գնով, հաջողվեց չեզոքացնել այդ ծրագիրը` Հայաստանին ժամանակ տալով իր պետականությունն ամրապնդելու, այն է` արմատապես ինքնակազմակերպվելու համար: Դժբախտաբար, ընձեռված հնարավորությունները, խոշոր հաշվով, բաց թողնվեցին, հատկապես, ազգային անվտանգության գործու՛ն համակարգի ստեղծման ու պետական կառավարման մակարդակի բարձրացման հարցերում:
Աշխարհաքաղաքական իրադրության հստակ գիտակցումը կարող է մոբիլիզացնել հայության տնօրինած մարդկային, գաղափարախոսական ու ֆինանսական ոչ սակավ ռեսուրսները, ինչպես նաև ժողովրդի անսպառ կամքը` վերոհիշյալ մահացու հավանականությունը բացառելու համար։ Իսկ դրա միջոցը մեկն է` կառուցել Հայաստանում և արտասահմանում հարգանք վայելող և ամուր պետություն, այնպիսի պետություն, որն ի վիճակի լինի անկախ քաղաքականություն վարել իր ազգային անվտանգության համար կենսականորեն կարևոր հարցերում: Փոխարենը, ամեն օր բախվում ենք պետական կառավարման ցածր մակարդակին, պետական պաշտոնեության համընդհանուր կոռումպացվածությանը, իրավական, մասնավորաբար դատական համակարգի չկայացածությանը, ինքն իրեն օրենքից դուրս համարող ու պահող օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնատարների կաստայի առաջացմանը, կլանայնությանը (այդ թվում` դրա գավառական տարատեսակին), ազգային մշակույթի և արժեքների ժխտմանը, վերջին հաշվով` ազգային և, արդյունքում, սեփական անվտանգության անտեսմանը»»: