Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

23 մայիս 2023 10:50

Առ ոչինչ են Փաշինյանի ցանկացած հայտարարություն, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան.Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, գումարվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով։


Արցախի խորհրդարանի հայտարարությունը
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին կատարած հայտարարությունը, որով նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում։


Նիկոլ Փաշինյանն իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին․ առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ ՀՀ համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։


Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։

Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից Հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։


Միաժամանակ դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ մայիսի 22-ի հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր