Հասանովը Ղրղզստանի ՊՆ-ին դժգոհել է Հայաստանից՝ սպառնալով, թե իրենք ամեն պահի կարող են կանխել ցանկացած սպառնալիք

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Հասանովը հանդիպման ընթացքում ներկայացրել է բանակում կատարվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի հետ սահմանին ու Արցախում տիրող իրավիճակը, միաժամանակ, բողոքել Հայաստանից։ Մասնավորապես, նա հայտարարել է, թե Հայաստանը «ճիշտ հետևություններ չի անում ադրբեջանական բանակի գործողություններից և, հակառակ եռակողմ հայտարարության դրույթներին, իբր, «իր Զինված ուժերի մնացորդները պահում է Ադրբեջանի տարածքում» և լուրջ խոչընդոտներ ստեղծում տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման համար»։
Այնուհետև Հասանովը սպառնացել է, թե «ադրբեջանական բանակն ամեն պահի կարող է կանխել ցանկացած սպառնալիք»։ Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հավելենք, որ Հայաստանի հետ միասին Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ պետություն է։