Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 նոյ 2023 12:50

700 մլն դրամի վնաս է պատճառվել Երևանին Երվանդ Զախարյանի կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները`  առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:


Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին «Երիտասարդական պալատ» պետական ՓԲԸ-ին պատկանող՝ Սարալանջ 1 հասցեում գտնվող 24345.2 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը հիշյալ ընկերության սնանկության կառավարչի կողմից 506.000.000 ՀՀ դրամով վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Նշված անշարժ գույքի զբաղեցրած 31,780 քմ մակերեսով հողամասը եղել է պետական սեփականություն և պայմանագրով չի հանդիսացել առուվաճառքի առարկա: Միաժամանակ նույն պայմանագրով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագիրը անշարժ գույքի կադաստրում պետական գրանցման պահից:


Սակայն այդ ընթացքում, դեռևս պայմանագիրը պետական գրանցում ստացած չլինելու, այսինքն՝ անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված չլինելու պայմաններում, Ե. Զ.-ն Սարալանջ փողոցի 1 հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը վաճառելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, առանց համապատասխան իրավական հիմքերի, 2004 թվականի հունվարի 16-ին որոշում է կայացրել, որով վերը նշված ՍՊԸ-ին վերապահել է նշված հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով: Այնինչ պայմանագիրը պետական գրանցում ստացել է միայն նույն թվականի հունվարի 27-ին, երբ ուժի մեջ մտած է եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքն այդ ժամանակահատվածում արդեն եղել է շատ ավելի բարձր՝ 805.623.000 ՀՀ դրամ:


Արդյունքում՝ Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա 2004 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ. Դ.-ի և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ. Ա.-ի միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62.973.405 ՀՀ դրամով օտարվել է հիշյալ ընկերությանը:


Այսպիսով՝ Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զ.-ի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին, այն է՝ հեղինակազրկվել է տեղական ինքակառավարման մարմինը, խախտվել է պետական սեփականության հողերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրությամբ սահմանված կարգը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, 805.623.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարվել է 62.973.405 ՀՀ դրամով, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:


Վերը նշված հանցավոր արարքների համար Ե. Զ.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Կ. Դ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր