Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն          Տեսանյութ. Ինչ խորհուրդ ունի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը       Տեսանյութ.Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք՝ նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք    

16 դեկ 2023 14:43

Ստեփանավանի նախկին քաղաքապետին մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողություններով բացահայտվել է հանցավոր մեխանիզմով, մի քանի այլ անձանց, այդ թվում նաև իր 2 որդիների, մորաքրոջ որդու, մտերիմների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ի կողմից իրականացված 13 դրվագ համայնքապատկան, օտարման ոչ ենթակա հողատարածքներն օտարելու և սեփականացնելու, այդ ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու դրսևորումներ։

Մասնավորապես՝ Ս.Ղ.-ն, 2002-2012թթ. ընթացքում զբաղեցնելով Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի օժանդակությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև՝ ոլորտը կարգավորող մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, «Ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության, հիմնականում որպես կանաչ գոտի և ճանապարհ, հանդիսացող տարբեր չափերով 11 հողամասերը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, իր մորաքրոջ որդուն՝ Կ.Ս.-ին, ընկերոջ որդուն, Ստեփանավան համայնքի ավագանու անդամի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը, ինչպես նաև՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց։

Այդ նպատակով, ըստ վարույթի նյութերի, Ս.Ղ.-ն առանց Ստեփանավան համայնքի ավագանու համաձայնության, առանց օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու, կազմակերպել է սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի աճուրդներ, որից երկուսի դեպքում՝ ձևական՝ դրանց մասնակից և հաղթողներ դարձնելով վերոհիշյալ անձանց:

Այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ս.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2009, 2014 և 2017 թվականներին օտարման, ձևական առուվաճառքի միջոցով փոխանցել է իր որդիներին՝ Դ.Ղ.-ի և Ա.Ղ.-ի, մորաքրոջ որդուն, ինչպես նաև՝ «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:

Այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում։ Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս.Ղ.-ին մեղադրանք է ներակայացվել՝ 13 դրվագ պաշտոնատար անձի կողմից, նաև ծանր հետևանքների առաջացմամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, 3 դրվագ խմբի կազմում փողերի լվացման համար, այդ թվում նաև՝ խոշոր չափերով և 6 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ս.Ղ.-ի 2 որդիներին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման համար, իսկ մորաքրոջ որդուն և «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին՝ պաշտոնատար անձի կողմից, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու և խոշոր չափերով փողերի լվացման համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա: Նախաքննությունը, վերոնշյալ անձանց մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին: Մյուս անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր