Թուրքը մնում է թուրք, ամեն պահի կարող է ինչ-որ բան անել, պետք է զգոն լինել․ Սոթքի վարչական ղեկավար

«Ասել, որ խնդիր չկա, իհարկե՝ կա, քանի որ մեր գլխավերևում թուրքն է։ Նախկինում թուրքը չէր երևում, հիմա տեսնում ենք։ Թուրքը մնում է թուրք, ամեն պահի կարող է ինչ-որ բան անել, պետք է զգոն լինել, հատկապես, երբ գործ ունես թուրքի հետ։ Ճիշտ է , այսօր գարնան առաջին օրն է, բայց ֆիքսենք, որ Սոթքում դեռ ձմեռ է, գարնան առաջին աշխատանքները Սոթքում ապրլի 10-ից հետո են արվում։ Գյուղամեջ դուրս եկող բնակիչներն արդեն ծրագրում են գարնանային աշխատանքները՝ մեկը սերմ գնելու, մյուսը՝ սերմ վաճառելու, հող մշակելու և այլ հարցերով։ Մեզանից կախված հնարավորն անում ենք, որ, նախ, մեր զինվորն իմանա իր ետևում գյուղ կա, գյուղացիները կան, մենք էլ որքան կարողանանք սահմանին կանգնած մեր զինվորին թիկունք լինենք»,-ասաց Սևակ Խաչատրյանը։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք Սոթքի հանքավայրից կրճատված գյուղացիների խնդրով, ինչի մասին գյուղացիները բարձրաձայնել էին դեռ դեկտեմբերին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների այցի ժամանակ։ Սևակ Խաչատրյանն ասաց, որ մի քանիսի աշխատանքը վերականգնվել է, շուրջ 10 հոգու մասին է խոսքը, իսկ մյուսներն էլ սպասում են իրենց հերթին։