Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»    

06 մար 2024 11:01

Նոր պատմական արկածախնդրության փուլ ենք մտնում. դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին

Նոր պատմական արկածախնդրության փուլ ենք մտնում. դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Հայաստանն առանց խելքի» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 

Պատերազմից հետո ընդդիմությունը «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսով ուզում էր հեռացնել Նիկոլին։ Հիմա Նիկոլն ուզում է մնալ իշխանության՝ «Հայաստանն առանց ռուսի» կարգախոսով։

Մեր ողջ պատմության ընթացքում մենք իքս երրորդ ուժին փորձում ենք հեռացնել Հայաստանից, բայց միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդյունքը։ Արցախը արդեն չունենք հենց ա´յս տրամաբանության մեջ։

Ողբերգությունների պատճառն այն է, որ մենք այս բարդ տարածաշրջանում ապրում ենք «Հայաստանն առանց խելքի» տրամաբանության մեջ։ Սա է մեր բոլոր աղետների պատճառը։
Մենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունը։

Այսօրվա անկայուն աշխարհում պետությունների գոյատևման համար երկու գործոն կա՝ կա´մ բնական պաշարներ, կա´մ բնական խելք։ Այսօրվա Հայաստանը չունի ո´չ մեկը ունի, ո´չ մյուսը։ Բայց ողբերգությունն այն է, որ խելամիտ կառավարման հանրային ո´չ հայտը կա, ոչ՝ պահանջարկը։
Ունենք խելոք անհատներ, բայց խելացի համակարգերի խիստ դեֆիցիտ։

Երբ կար հայկական Արցախ ու գործող Լաչինի միջանցք, Ալիևը ձևակերպեց իր պայմանը՝ հայելանման կարգավիճակներ՝ այդ ճանապարհի և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների համար։ Հայկական քաղաքական միտքը, ինչպես շատ հաճախ, ֆիդայականությունից այն կողմ չանցավ. իշխանությունը չհասկացավ կամ վախեցավ թեման շարունակել, նրա բազմատեսակ ընդդիմախոսները «ոչ մի ճանապարհ, ոչ մի միջանցք, ոչ մի թուրք, ոչ մի ռուս...»՝ անիմաստ ձայնավարժանքի մեջ էին։ Հասարակությունը՝ մեծից փոքր, խելոքից անխելք, դարձել էր «միջանցքի վկա»՝ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է։

Ստացանք դատարկված Արցախ, ստացանք չգործող Լաչինի ճանապարհ, բայց մեզնից ակնկալվող ճանապարհը նույն թափով ուժի մեջ է՝ որպես խաղաղության կոշտ նախապայման։

Արցախի 9-ամսյա շրջափակման փուլում, իսկ դա բավականին լուրջ ժամանակ էր, հայկական քաղաքական, պետական միտքը չգտավ ոչ մի լուծում։ Իսկ դրանք կային։ 9 ամիս մենք ոչինչ չենք արել, ուղղակի սպասել ենք աղետին։ Պարզ չէ՞, որ նման պայմաններում աղետը կգար։

Հիմա նոր պատմական արկածախնդրության փուլն ենք մտնում։ Ունենալու ենք նույն արդյունքը, ու դարձյալ, ճամբարների բաժանված, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արևմուտքին և այլն։ Ու այդպես լինելու է անվերջ, քանի չենք ընդունել, որ մեր տապալումների և ողբերգությունների պատճառը հայն է՝ մեր պետական մտածողությունը, մեր կենցաղային մտածողությունը, մեր պատկերացումները՝ պետության և աշխարհի մասին։
 
Նոր խելացի ձևաչափեր
 
Այս իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացումներ։ Մենք կարող ենք ունենալ նորից վատ, այլ որակի վտանգավոր իշխանություն։ Հավանականությունը փոքր չէ։

Առաջիկայում խելացի իշխանություն ունենալու համար այսօր պետք է ձևավորել խելացի ձևաչափեր։ Իրականությունը և անելիքները լիարժեք ճիշտ հասկացող, հնարավոր անսպասելի հաջողության տեսլականը մտքում, և գրագետ, սառը քայլերով, երբեմն՝ համեստ, երբեմն՝ ոչ ստանդարտ քայլերով, դեպի այդ հաջողությունը գնացող միավորներ։ Միայն խելքով է հնարավոր անվտանգ, ժամանակակից, խելացի պետություն կառուցել։

Ինչպե՞ս ձևավորել այդ խելացի միավորները. այս մասին՝ հաջորդիվ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր