10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

20 հուլ 2024 12:20

ՌԴ-ն կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, ինչպես Վրաստանում նույնկերպ կարող է հաջորդիվ արգելափակել մեր ոգելից խմիչքների՝ կոնյակի եւ գինիների արտահանումը

ՌԴ-ն կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, ինչպես Վրաստանում Նույնկերպ կարող է հաջորդիվ արգելափակել մեր ոգելից խմիչքների՝ կոնյակի եւ գինիների արտահանումը «Հրապարակի» զրուցակիցն է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
 
–Արդյունաբերության կտրուկ անկման մասով ի՞նչ կասեք:
 
–Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ թե՛ ես, թե՛ բազմաթիվ տնտեսագետներ 2023 թ․ հոկտեմբերից այս կողմ բարձրաձայնել են այն մասին, որ հնարավոր չէ, որ մենք մշակող արդյունաբերությունում թողարկման ծավալների նման կտրուկ աճեր ունենանք: Ինչո՞ւ․ որովհետեւ, եթե դուք նայում եք, թե արդյունաբերությունն ինչ հոսքերով է սնվում, որպեսզի կարողանա ծավալները մեծացնել՝ դրա համար կա՛մ պետք է ունենա ֆանտաստիկ աճ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով, կա՛մ ֆանտաստիկ աճ՝ ներքին ներդրումների մասով, որի սնուցման աղբյուրը բանկային համակարգի վարկավորումը կարող է լինել: Հիմա երկու ուղղությունն էլ մեզ մոտ շատ վատ վիճակում է: Եթե վերցնեք վարկերի արդյունաբերության վարկավորման ծավալը՝ 2018 թվականը համեմատեք 2023-24 թվականների հետ, կտեսնեք, որ գրեթե նույն մակարդակի վրա է եւ նույնիսկ մի բան էլ նվազել է: Այդ 5 տարիների ընթացքում նույնիսկ վարկավորումը դեպի արդյունաբերություն չի աճել:
 
Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին՝ նայեք բացվածքը: Միակ տեղը, որ մենք տեսնում ենք որոշակի դրական տեղաշարժ, դա հանքագործությունն է, էներգետիկան է, որն էլ իր հերթին վերաներդրված շահույթն է: Արտաքին նոր հոսքեր էլի չկան այդտեղ, հետեւաբար, երբ ասում էինք, որ այստեղ ներդրում չկա, ես չեմ կարող պատկերացնել այդպիսի մեծ ծավալներով արդյունաբերության աճի գրանցում՝ գաղտնիքն ինչի՞ հետ էր կապված: Գաղտնիքը նորից առնչվում է Ռուսաստանին, գաղտնիքը ոսկերչական ապրանքների, ոսկու ներմուծումն է եղել, երբ դարձել է այդ հումքն ինչ-որ առումով հայկական ծագման եւ արտահանվել է Էմիրություններ: Դրա համար էլ մենք տեսնում ենք, օրինակ, Էմիրություններում արտահանման ծավալների անգամներով աճ, եւ այդ աճն ուղղակի մայիս ամսին նվազել է:
Դա վերահաստատել է վերը նշված այն թեզը, որ հնարավոր չէ արդյունաբերության թողարկման ծավալների նման ահռելի տեմպերով աճ, դա տնտեսագիտական մտքի քննադատությանը չի դիմանում: Եթե դուք տնտեսական մտքի տեսանկյունից եք նայում, ինչպե՞ս կարող է արդյունաբերությունն այդքան կտրուկ աճել, եթե այնտեղ ներդրումներ չեն լինում, եւ ոչ էլ նույնիսկ աշխատանքային կապիտալն է վարկերի հաշվին աճում: Օրինակ, եթե նայում եք տնտեսության ակտիվության ցուցանիշը եւ դրա բաղադրիչ 5 ամիսների արդյունաբերության թողարկման կուտակային աճը, այն կազմել է 22 տոկոս․ ես ասում եմ՝ դա հնարավոր չէ, տնտեսագիտական մտքին քննադատությանը չի դիմանում դա, հնարավոր չէ, որ 22 տոկոսով աճ արձանագրի արդյունաբերության ոլորտը, երբ քեզ մոտ ներդրումներ չկան:
 
–Ստացվում է, որ մենք այնքան շատ ենք ՌԴ-ից կախված, որ ցանկացած պահի Ռուսաստանը մեզ համար կարող է խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով այս իշխանությունների հակառուսական հռետորիկան:
 
–Ռուսաստանը կարող է էական խնդիրներ առաջացնել, եւ կախված նրանից, թե Ռուսաստանն ինչ գործիք կկիրառի, եւ ինչքան խոր կլինի այդ գործիքը, դրանից կախված կլինի մեր տնտեսության անկման կամ ճշգրտման ցավոտությունը: Ես ցուցանիշներ նշեմ, որ ավելի հստակ լինի․ 2018 թ․ արդյունքներով, այն, ինչը որ ես ասում էի՝ Հայաստան-ԵԱՏՄ երկրների առեւտրաշրջանառությունը եղել է 1 միլիարդ 989 միլիոն դոլար, գրեթե նույն չափով եղել է Եվրամիությանը՝ 1 միլիարդ 830 միլիոն դոլար: Հիմա մենք տեսնում ենք, օրինակ, 2023 թ․ դեկտեմբերի դրությամբ՝ հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների հետ ինչպես է աճել․ հիմնականում Ռուսաստանն է այնտեղ՝ 90 տոկոսից ավելի կշռով։ Ուշադիր թվերը նայեք, 1,9 միլիարդի փոխարեն ունենք 7.6 միլիարդ առեւտրաշրջանառություն, հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ անգամներով է աճել, նայում ենք Եվրամիության հետ՝ 1.8 միլիարդը դարձել է 2.6 միլիարդ՝ դոլարային արտահայտությամբ: Այս աճն այդքան մեծ չէ, ասեմ ավելին․ եթե Դուք նայեք առաջին 5 ամիսների վիճակագրությունը 2024-ի համար, շատ ավելի տխուր վիճակ է այնտեղ, հետեւաբար, Ձեր առաջ քաշած թեզը՝ արդյո՞ք Ռուսաստանն ունի լծակներ՝ խնդիրներ առաջացնելու Հայաստանի տնտեսության համար, այո ունի, եւ այդ լծակները վերջին տարիներին ավելի են մեծացել:
 
–Ռուսաստանն արգելել է հայկական միրգ-բանջարեղենի մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով պեստիցիդների մեծ քանակով։ Սա առաջի՞ն զանգերից է, հաջորդիվ ի՞նչ «պատժամիջոցներ» կարող են լինել ՌԴ-ի կողմից։ Սա նախազգուշացո՞ւմ էր։
 
–Չեմ բացառում։ Մեր արտահանման գերակշիռ մասը դեպի ՌԴ պատրաստի արտադրանքի տեսքով է, որի նկատմամբ արտաքին առեւտրի սահմանափակումներ՝ հենց նույն ֆիտոսանիտարիայի գործիքով հեշտ է կիրառել։ Հիշենք․ ՌԴ-ն նույն գործիքով արգելեց վրացական գինիների մուտքը դեպի ՌԴ՝ նշելով, որ այդ գինիները չեն համապատասխանում ՌԴ շուկայի պահանջներին։ Նույնկերպ ՌԴ-ն կարող է հաջորդիվ արգելափակել մեր ոգելից խմիչքների՝ կոնյակի եւ գինիների արտահանումը դեպի ՌԴ, եւ դա իրենից մեծ ջանք չի պահանջի, իսկ մեր տնտեսության համար կլինի ցավոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր