Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել է
![Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել է Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել է](https://mediahub.am/uploads/images/2025/02/image_750x_67aa498be751f.jpg)
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր խոսքում նշեց, որ քառասունվեց տարի առաջ, այս օրերին, Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ 20-րդ դարի ամենաժողովրդական հեղափոխություններից մեկը հաջողությամբ պսակվեց, և Իրանի ժողովուրդը կարողացավ հաղթել արտաքին գաղութատիրությանը, ներքին բռնակալությանը, միանձնյա իշխանությանը և հաստատեց ժողովրդական ու արտաքին միջամտությունից անկախ համակարգ:
Դեսպանը հավելեց, որ Իրանն իր արտաքին քաղաքականության ոլորտում, հաստատելով հավասարակշռված քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններ բոլոր ազգերի հետ, ձգտում է լարվածության թուլացման, կոլեկտիվ անվտանգության և դիվանագիտական ճանապարհով տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման։ Իրանը խորացրել է իր բարիդրացիական քաղաքականությունը և ընդլայնել հարաբերությունները հարևանների հետ։ Ակտիվ, դինամիկ և արդյունավետ արտաքին քաղաքականության լույսի ներքո Իրանն ընդլայնել է իր բազմակողմ փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ԲՐԻԿՍ-ի, Շանհայի կազմակերպության, ԵԱՏՄ-ի, Իսլամական ութնյակի և Եվրասիական միության հետ, որովհետև ձգտում է ունենալ բոլորի համար ուժեղ և զարգացած տարածաշրջան.«Ուրախալի է, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կարող ենք ներկայացնել որպես երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել։ Հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև մշակութային և քաղաքակրթական փոխազդեցությունների երկարամյա պատմության վրա: Այս երկար ճանապարհի ընթացքում մենք միշտ եղել ենք անբաժան հարևաններ՝ աջակցելով և կիսելով միմյանց վիշտն ու ուրախությունը: Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մեր հարաբերությունների աճի միտումին»,- նշեց դեսպանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կառավարության անունից շնորհավորեց Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթեց հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների միջև ձևավորված բարեկամությանը և ապագայում ևս ջանքեր չի խնայելու այն ամրապնդելու ուղղությամբ.«Ավելի քան 30 տարի համատեղ ջանքեր են գործադրվում Հայաստանի և Իրանի ժողովուրդների հազարամյակների հարաբերությունների վրա հիմնված միջպետական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Այդ հարաբերությունների հիմքում փոխվստահությունն է և միմյանց դիրքորոշումների հանդեպ ունեցած լիակատար հարգանքն ու փոխըմբռնումը»,-նշեց փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այսօր Իրանի հետ Հայաստանն ունի բազմոլորտ համագործակցություն, որը մտադիր է հետևողականորեն ընդլայնել:
![](https://armenpress.am/storage/images/articles/2025/02/10/tVTgu34eUsjeGYi15ZTvAVZJQJeh8WzGwJRulnGr.webp)