Կրակոցներ Արագածոտնի մարզում «Մի կաթիլ մեղրի» պատմություն դարձած վիճաբանության հետևանքով

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը քրեական ոստիկանությունից փոխանցել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչություն, որից հետո Արուճ գյուղ են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նույն գյուղի դպրոցի մոտ նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սամվել Հ.-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադ Հ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Իսկ նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև Արուճ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյ Ա.-ն։
Կրակոցների հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։
Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արագածոտնի վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Չի բացառվում, որ այն նախաքննության ընթացքում վերաորակվի՝ որպես սպանության փորձ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Սամվել Հ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են նշված «Mercedes»-ը և կրակված պարկուճներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը։