Պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները          2020-2023թթ Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները նույն ցեղասպանության շարունակությունն են 21-րդ դարում       Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է,, այլ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական    

24 ապր 2025 10:30

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ«Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։

Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։

Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են: 2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների: Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող` էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում` հայատյացության քաղաքականությունը:

Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։

Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր