Ո՞ւր է պատվիրատուն. վենդե՞տա, թե՞ քաղաքական հաշվեհարդար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքում սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած կրակոցները չեն սահմանափակվելու միայն մեկ քրեական գործով։ Տեղի ունեցածը երկար պատմություն ունի․ ArmLur.am-ը բազմից է գրել Ախտոյանների և Գրիգորյանների հակասությունների մասին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է, ՔՊ-ական, եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը Փարաքարի համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ է:
Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը ևս կապված է նույն լարվածության հետ: Բազմիցս է գրվել, որ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել է տեսախցիկներով՝ անգամ նկարելով կատարվողը, թե ինչպես են իր և Գրիգորյանի կողմնակիցներն իրար ծեծում: Արդյունքում սպանվեց Ախտոյսնի հորաքրոջ որդին՝ 29 ամյա Գրիգոր Օհանյանը. մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք:
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը արդեն ավելի քան տասը օր է երկրում չէ։ Թեպետ ողջ Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե ՔՊ-ական Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է շրջապատում միշտ վրեժի թեման տաք պահել, սակայն, իրավապահները դժվար թե կարողանան անմիջապես գործել, քանի որ Ախտոյանը երկրում չէ։
Եթե ամփոփելու լինենք, ապա պետք է ասել, որ բախումները, ըստ էության, տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջև։ Մհեր Ախտոյանը ներկայացնում է «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վալոդյա Գրիգորյանը առաջադրված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների կողմից` ներկայացնելով ընդդիմադիր դաշտը: Այս հանգամանքը վենդետային տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն և նշանակություն։
Անցած տարիներին ևս Ախտոյանների ու Գրիգորյանների հակասությունները սրվել են հենց ընտրական գործընթացներին նախորդող ժամանակահատվածում կամ դրանց ավարտից հետո։
Իսկ իրավապահների անգործությունը կամ կողմնակալ քննությունը բերեց 2 զոհի և մեկ վիրավորի: Ում էլ պաշտոնից հանեն` իրավիճակը սփոփելի չի դառնա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
